Թբիլիսիում այսօր կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ երկրորդ բողոքի ակցիան է ընթանում  

23:06 • 06.02.21

 

Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների, ընդդիմադիր կուսակցությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ և շարքային քաղաքացիներ երթի են դուրս եկել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ ի նշան բողոքի սահմանափակումների դեմ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, սա այսօրվա ընթացքում բողոքի երկրորդ ակցիան է: Ցերեկային ժամերին Թբիլիսիի կենտրոնում ակցիա է կայացել, որն ստացել էր «Սոցիալական պայթյուն» անվանումը: Ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղարկել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արգելափակումները:

Ռեստորանային բիզնեսի, ընկերությունների, զբոսաշրջային գործակալությունների, կինոթատրոնների աշխատակիցներն ու ներկայացուցիչները խախտում են գիշերային ժամերին տեղաշարժի արգելքը՝ ի նշան բողոքի՝ այդպիսով պահանջելով կառավարությունից անհապաղ վերացնել բոլոր արգելքները, որոնք ավելի վաղ սահմանվել էին՝ ելնելով համաճարակաբանական իրավիճակից:

Իրավապահ մարմինների աշխատակիցները հետևում են երթի ընթացքին: Դեռևս ոչ ոք չի տուգանվել: Վրաստանում 20:00-04:00-ն տեղաշարժի արգելք է սահմանվել ինչպես հետիոտնի, այնպես էլ մեքենաների համար:

Վրաստանում համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 261 620-ի, որը հավասարազոր է երկրի բնակչության 7 տոկոսին: Արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 3269 դեպք: