Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2 չափաբաժինն ստացած 14 բնակիչ վարակվել են «բրիտանական» շտամով
Գերմանիայի արևմտյան շրջանում գտնվող ծերանոցի 14 բնակիչներ վարակվել են կորոնավիրուսի B.1.1.7 «բրիտանական» շտամով, թեև արդեն ստացել էին պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, վարակման դեպքերն արձանագրվել են Ստորին Սաքսոնիա դաշնային հողի Բելմ կոմունայում: Նշվում է, որ հաստատության 14 բնակչի մոտ մուտացիա է հայտնաբերվել, թեև նրանք բոլորն էլ հունվարի 25-ին ստացել են իրենց երկրորդ ներարկումը: Ծերանոցի բոլոր բնակիչներն ու նրանց ընտանիքները ներկա պահին կարանտինի մեջ են գտնվում:
Հիվանդների պաշտպանության գերմանական հիմնադրամի ղեկավարը Գերմանիայի իշխանություններին կոչ է արել կանոնավոր կերպով հետևել ծերանոցներում տիրող իրավիճակին:
Հայտնի է, որ Գերմանիայում բնակիչներին պատվաստում են ամերիկա-գերմանական Pfizer/BioNTech համատեղ արտադրության դեղամիջոցով: Պատվաստման գործընթացը Գերմանիայում մեկնարկել է դեկտեմբերի վերջին: Փետրվարի 5-ի դրությամբ ներարկում են ստացել ավելի քան 3.1 մլն մարդ:
Գերմանիայում համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 2.2 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 61 հազարը:










