Ուղեղների արտահոսքը միշտ էլ եղել է օրհասական, բայց դրա լուծման համար կտրուկ քայլեր երբեք չեն ձեռնարկվել. Սմբատ Գոգյան

20:54 • 07.02.21

Սամվել Գոգյանը միամիտ մոտեցում համարեց մարդկանց էնտուզիազմի, հայրենասիրության վրա հույսը դնելը, որ չարտագաղթեն:

Դա մեր ազգային ողբերգությունն է և անվտանգության խնդիր է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախկին նախագահ, կրթության փորձագետ Սմբատ Գոգյանը` անդրադառնալով ուղեղների արտահոսքի խնդրին:

Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր ձևակերպել, որ եթե խելոքները չգնան, իշխանություն կփոխվի:

«Այդ խնդիրը միշտ էլ եղել է օրհասական, բայց դրա լուծման համար կտրուկ  քայլեր երբեք չեն ձեռնարկվել»,- ասաց Գոգյանը՝ նշելով, որ խելացի, կրթված մարդու արագաղթելու միակ պատճառն այն չէ, որ նա գնում է շատ աշխատելու, քանի որ շատ աշխատում, շատ էլ ծախսում է, այլ ընդհանուր իր ապագայի պատկերացումերը և ինքնաիրացման մակարդակն է խնդիրը, ինչի համար և գնում է:

«Լինենք անկեղծ, որ Հայաստանում շատ ոլորտներում աշխատանքի որակը և աշխատուժի պահանջարկը այնքան ցածր են, որ մարդիկ չեն էլ կարող իրենց իրացնել, և բնական է, որ այլ երկրների գրավիչ պայմանների դեպքում որոշում են գնալ»,- ասաց նա:

Սամվել Գոգյանը միամիտ մոտեցում համարեց մարդկանց էնտուզիազմի, հայրենասիրության վրա հույսը դնելը, որ չարտագաղթեն:

«Խնդիրը մինչև հստակ չձևակերպվի, այն չի լուծվի: Եթե ձևավորվի միջավայր, որտեղ տնտեսության և տաբեր ոլորտների զարգացման հստակ խթաններ լինեն, ապա նաև կառաջանա որակյալ մասնագետների պահանջարկ, ինչը կբերի աշխատանքում նրանց ներգրավվածությանը: Քանի դեռ մեր բյուջեի արտահանման մեծ մասը կազմում է հանքարդյունաբերությունը, այդտեղ ոչ մի որակյալ մասնագետ պետք չէ»,-ասաց Սմբատ Գոգյանը։