Օրենքի փոփոխությունների նպատակը տեղեկատվության ազատության սահմանափակումն է. Նիկոլը մոռացել է, որ լրագրողը կարող է ունենալ նաև սեփական անանուն աղբյուրները. Նարինե Մկրտչյանը՝ «Իմ քայլի» նախագծի մասին

16:19 • 07.02.21

Օրենքի փոփոխությունների նպատակը տեղեկատվության ազատության սահմանափակումն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից մշակված օրենքի նախագծին, որով նախատեսվում են փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում՝ առաջարկելով արգելել անանուն աղբյուրներին հղում կատարելը:

«Ցավալին այն է, որ այդ նախագիծը հեղինակել են իրենց նախկին կյանքում լրագրության հետ այս կամ այն չափով առնչվող ԱԺ պատգամավորները: Հիմա նրանք իշխանության մասն են, իսկ լրատվությունը նրանց խանգարում է»,- հավելեց Մկրտչյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե պնդումներ կան, որ այս իշխանության գլխին կանգնած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ամենահաճախն է հղում կատարել անանուն աղբյուրներին, սակայն այժմ թիմի միջոցով պայքարում է դրա դեմ, Մկրտչյանն արձագանքեց.

«Հիշեցնեմ, որ «ԶԼՄ մասին» այս օրենքի նախագծի դեմ ժամանակին Մամուլի ազգային ակումբի նախաձեռնած պայքարի ժամանակ Նիկոլն առաջին շարքերում էր: Դրանից հետո շատ ջրեր են հոսել, և Նիկոլը մոռացել է, որ լրագրողը կարող է ունենալ նաև սեփական անանուն աղբյուրները: Նա մոռացել է, թե որն է լրագրության խնդիրը։ Իշխանություններն անցողիկ են, լրագրությունը հավերժ է: Լրագրությունն ապրում է՝ անկախ իշխանությունների ցանկություններից»,- նկատեց Մկրտչյանը։

Մկրտչյանն ընդգծեց՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և համացանցի մեծ հասանելիության դարում ԶԼՄ-ներին և հանրությանը արգելել հաղորդակցվել տեղեկատվական բազմածավալ տիրույթին՝ անհեթեթ է և անհնար:

«Կան, իհարկե, նման ինքնամեկուսացված երկրներ, սակայն Հայաստանը չի կարող այդ ճանապարհով ընթանալ: Տեխնոլոգիաները և համացանցը փոխեցին աշխարհը, սակայն այդպես էլ չփոխեցին ՀՀ նախկին և ներկա իշխանությունների ձգտումները՝ սահմանափակել տեղեկատվության և մամուլի ազատությունը: Մամուլի, տեղեկատվության ազատության սահմանափակման բոլոր փորձերը դատարպարտելի են: Տեղեկատվության աղբյուրը կարող է և անանուն լինել, ժողովրդավարությունը պահանջում է հարգանքով վերաբերել տեղեկատվության աղբյուրի գաղտնիությանը և հանդուրժող լինել անանուն աղբյուրի հանդեպ»,-ասաց նա՝ նշելով, որ, իհարկե, ակնհայտ է, որ տեղեկատվական մեծ հոսքերի պայմաններում ասպարեզ է նետվում նաև որոշակի տեղեկատվական աղբ, սուտ, կեղծիք:

«Հայաստանյան մամուլը, իհարկե, մասնագիտական լուրջ խնդիրներ ունի, սոցցանցերը  փորձում են փոխարինել լրագրությանը, և հաճախ ԶԼՄ-ների մասնագիտական նշաձողն իջնում է ֆեյսբուքյան որոշ գրառումների մակարդակի: Սակայն նույնիսկ այս դեպքում իշխանության խնդիրը չէ կարգավորել մամուլի դաշտը, տեղեկատվության աղբյուրները տեսակավորել»,-ասաց նա՝ ընդգծելով նաև, որ մամուլն ավելի պրոֆեսիոնալ դարձնելն իշխանության խնդիրը չէ:

«Իշխանության խնդիրն է երկրում այնպիսի պայմաններ ստեղծել, որ մամուլն ավելի պրոֆեսոինալ դառնա:  Այո՛, մեր ժամանակներում լրագրության հետ կապ չունեցող  որևէ մեկը կարող է կայք բացել, սոցցանցերում տեղեկատվություն տարածել, տեսանյութեր տեղադրել և այլն: Սա ժամանակների բնույթն է: Հաճախ այդ տեղեկատվական կարևոր դաշտում կարող  է հայտնվել  մի անանուն կամ անպարկեշտ մարդ, բայց նրա համար մենք չենք կարող փակել ողջ դաշտը»,- ասաց Նարինե Մկրտչյանը։