Արաբական կոալիցիան ոչնչացրել է հուսիթների ականակիր անօդաչու սարքը

11:42 • 07.02.21

Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող արաբական կոալիցիան ոչնչացրել է ականակիր անօդաչու թռչող սարքը, որը գործարկել էին Եմենի «Անսար Ալլահ» (հուսիթներ) ապստամբները: Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի պետական գործակալությունը՝ հղում անելով կոալիցիայի ներկայացուցիչ Թյուրքի ալ-Մալիքիի հայտարարությանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ալ-Մալիքիի խոսքերով` կիրակի առավոտյան կոալիցիոն ուժերը որսացել և ոչնչացրել են ականակիր անօդաչու թռչող սարքը, որն ուղղորդվել էր հուսիթների կողմից  Սաուդյան Արաբիայի քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության վրա:

Եմենում 2014-ի օգոստոսից շարունակվում են ակտիվ ռազմական գործողությունները նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիին աջակցող կառավարական ուժերի և հուսիթների միջև: Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Հադիի կողմից մարտեր է վարում 2015 թվականի մարտից: Այնուամենայնիվ, 2018 թվականից երկրի հարավում կառավարական ուժերը բաժանվել են, և այնտեղ Արաբական Միացյալ Էմիրությունների աջակցությամբ ստեղծված Անցումային խորհուրդը դուրս է մղել իշխանամետ ուժերին Հարավային Եմենի մայրաքաղաք Ադենից: Սաուդյան Արաբիայի միջնորդությամբԷր-Ռիադում համաձայնագիր ստորագրելով անջատողականները համաձայնվել են հաշտության գալ կառավարության հետ: Ըստ այս համաձայնագրի, անցյալ տարվա վերջին Եմենում ստեղծվել է նոր կառավարություն, որում ընդգրկված են հարավցի նախարարներ: