Մյանմարում ռազմական հեղաշրջման դեմ բողոքող հազարավոր ցուցարարների դեմ ջրցան մեքենա է կիրառվել

17:48 • 08.02.21

Մյանմարի մայրաքաղաք Նայպիդոյում ջրցան մեքենա է կիրառվել ռազմական հեղաշրջման դեմ բողոքող հազարավոր ցուցարարների կազմակերպած գործադուլի ընթացքում, հայտնում է BBC-ն:

Հազարավոր մարդիկ արդեն երրորդ օրն անընդմեջ մասնակցում են փողոցային բողոքի ակցիաներին՝ կոչ անելով բանտարկությունից ազատել ընտրված առաջնորդ Աուն Սան Սու Չժիին և վերականգնել ժողովրդավարությունը: Պետական հեռուստատեսությունը նախազգուշացրել է ցուցարարներին, որ քայլեր կձեռնարկվեն, եթե նրանք սպառնան հանրային անվտանգությանը կամ «օրենքի գերակայությանը»:

Ռազմական հեղաշրջման կազմակերպիչները մեկամյա արտակարգ դրություն են հայտարարել Մյանմարում և իշխանությունը հանձնել գերագույն գլխավոր հրամանատար Մին Աունգ Հլաինգին: Տիկին Աուն Սան Սու Չժիին և նրա Ժողովրդավարության ազգային լիգա կուսակցության բարձրաստիճան ղեկավարները, ներառյալ նախագահ Վին Մյինային, ենթարկվել են տնային կալանքի:

Երկուշաբթի առավոտյան հազարավոր մարդիկ հավաքվել էին գործադուլի Նայպիդոյում, ինչպես նաև երկրի այլ քաղաքներում: Մանդալայում և Յանգոնում, նույնպես զգալի թվերով ցուցարարների մասին են հայտնել: Ցուցարարների մեջ կան ուսուցիչներ, փաստաբաններ, բանկի աշխատակիցներ և պետական աշխատողներ: 

Ցույցերի ընթացքում հաղորդվել է մի քանի վիրավորների մասին, սակայն բռնության դեպքեր տեղի չեն ունեցել: Այնուամենայնիվ, Նայպիդոյում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել՝ ամբոխը ցրելու համար: Ըստ BBC –ի հաղորդման, այս հանգստյան օրերին երկիրը ականատես է եղել 2007 թվականից ի վեր երկրում տեղի ունեցած ամենազանգվածային ցույցերին:

Փորձագետ Ջոնաթան Հիդը նշել է, որ այս անգամ ցույցերն առցանց հեռարձակվում են սոցիալական ցանցերում, ինչն էլ դժվարեցնում է ոստիկանության գործողությունները, ի տարբերություն 2007 թվականի, երբ ցուցարարների վրա կրակ էր բացվել:

«Սակայն, հակառակ բողոքի ակցիաներին, զինվորական իշխանությունը կարծում է, որ հեղաշրջումը ճիշտ էր», - նշել է փորձագետը: