Սերբիայի նախագահի դեմ մահափորձ է ծրագրված եղել. այն պետք է իրականացվեր հունվարի 27-ին

16:57 • 08.02.21

Սերբիայի ոստիկանության ունեցած տեղեկությունների համաձայն, հունվարի 27-ին Բելգրադում Ստեֆան Նեմանի հուշարձանի բացման արարողության ժամանակ մահափորձ էր նախատեսվել երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի նկատմամբ, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Հուշարձանի բացման արարողղությանը ներկա են եղել ավելի քան 850 հատուկջոկատայիններ, որպեսզի պաշտպանեն նախագահին, քանի որ հետախուզության տվյալներով` նրա նկատմամբ մահափորձ էր ծրագրվում: Այս մասին հայտնել է Սերբիայի Քրեական ոստիկանության վարչության պետ Բոգդան Պուշիչը:

Փետրվարի 4-ին, Սերբիայի իրավապահները Բելգրադում իրականացված հատուկ գործողության ընթացքում բերման են ենթարկել կազմակերպված հանցավոր խմբի 17 անդամների: Հաղորդվում է, որ կազմակերպված հանցավոր խումբը քողարկվել է որպես ֆուտբոլասերների խումբ:

Սերբիայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ ՝ խմբին պատկանող բնակարաններում հայտնաբերվել է դիպուկահարի երկու զենք: Ձերբակալվածները մեղադրվում են դաժան սպանությունների, շորթումների, առևանգումների և թմրանյութերի վաճառքի համար: Սերբիայի նախագահի դեմ մահափորձին ձերբակալվածների մասնակցության վերաբերյալ վերջնական հաստատում դեռ չի եղել, կատարվում է հետաքննություն:

2020 թվականի հոկտեմբերի 20-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, դիմելով ժողովրդին, պատերազմ էր հայտարարել մաֆիային: Նա շեշտել էր, որ հանցագործները «չեն կարողանա հաղթել պետությանը»:

Վերջին ամիսների ընթացքում Բելգրադում տեղի են ունեցել մի շարք պատվիրված սպանություններ: 2020 թվականի սեպտեմբերի 13-ին հանցագործ հեղինակություն Ստրախինյա Ստոյանովիչը մահափորձի զոհ է դարձել, նրա մեքենան պայթեցրել են Բելգրադի կենտրոնում՝  ընթացքի ժամանակ: Ավելի ուշ, մեկ այլ պատվիրված սպանություն է տեղի ունեցել Բելգրադի ամենահայտնի առևտրի կենտրոն Ուչեում գտնվող ստորգետնյա կայանատեղիում: Այնուհետև Նոր Բելգրադի էլիտար տներից մեկում, իր տան ստորգետնյա կայանատեղիում, սպանվել է մի մարդ, որը, ըստ նախնական տեղեկությունների, կապված էր մաֆիայի հետ: