Գերմանիան, Շվեդիան և Լեհաստանը հայտարարել են ռուս դիվանագետներին արտաքսելու մասին
Գերմանիան, Շվեդիան և Լեհաստանը ռուս դիվանագետներին արտաքսելու որոշում են կայացրել՝ ի պատասխան Մոսկվայի նմանօրինակ քայլի: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, համապատասխան հայտարարությունները հրապարակվել են երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների թվիթերյան էջերում:
Շվեդիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկրից կարտաքսի ՌԴ դիվանագետին՝ որպես պատասխան միջոց Սանկտ Պետերբուրգում Շվեդիայի հյուպատոսության աշխատակցի արտքասմանը, որը հունվարի 23-ին մասնակցել էր ՌԴ-ում տեղի ունեցած անօրինական ակցիաներին: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է երկրի ԱԳ նախարար Ան Լինդեն:
Գերմանիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ գերմանացի դիվանագետին չարտոնագրված ցույցերին մասնակցելու պատճառով արտաքսելու Մոսկվայի որոշումը արդարացված չէ:
Լեհաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, ևս որոշում է կայացրել փոխադարձ սկզբունքով և մյուս երկու երկրների հետ համաձայնեցմամբ «պերսոնա նոն գրատա» ճանաչել Պոզնանում ՌԴ Գլխավոր հյուպատոսության աշխատակցին:










