YouTube-ն արգելափակել է Նավալնիի՝ «թունավորման մասնակից» սպայի հետ զրույցի տեսանյութը
YouTube տեսահոսթինգային ծառայությունն արգելափակել է ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ալիքում ավելի վաղ հրապարակված այն տեսանյութը, որում նա, իբր, խոսում է ՌԴ գաղտնի ծառայության սպայի հետ, որին Նավալնին կասկածում է իր թունավորմանը մասնակցելու համար: Այս մասին գրում է mk.ru-ն:
Նշվում է՝ ներկայում տեսանյութը հասանելի չէ քաղաքական գործչի յութուբյան ալիքում: Ըստ «Дождь» ռուսական հեռուստաալիքի՝ տեսանյութը հանվել է ViacomCBS կորպորացիայի այն պնդումների պատճառով, թե Նավալնիի տեսանյութը խախտում է իրենց հեղինակային իրավունքը՝ դրանում մեկ այլ ֆիլմից ներդիր պարունակելու պատճառով:
Խոսքն այն տեսանյութի մասին է, որը տեղադրվել էր Նավալնիի ալիքում վերջինիս՝ Գերմանիայում գտնվելու ընթացքում: Տեսանյութում ներկայացվում էր ընդդիմադիր գործիչի հեռախոսազրույցը մի մարդու հետ, որը «բացահայտում էր» Նավալնիի թունավորման մանրամասները:
Միևնույն ժամանակ, Նավալնին տեսանյութում հավաստիացրել էր՝ իր զրուցակիցը, իբր, Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակից է, որը մասնակցել է թունավորմանը:
Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան էր վերադարձել հունվարի 17-ին և հենց օդանավակայանից բերման էր ենթարկվել: Նա այժմ բանտում է: Փետրվարի 2-ին դատարանը չեղյալ էր հայտարարել նրա պայմանական պատժաչափը «Իվ Ռոշե»-ի գործով և փոխարինել էր այն իրական դատավճռով, այն է՝ 3.5 տարվա ազատազրկում:
Նշենք՝ ընդդիմադիր գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում: Օդանավը արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, և Նավալնիին տեղափոխել էին տեղի շտապ օգնության հիվանդանոց: Երկու օր անց Նավալնիի ընտանիքի պահանջով նրան տեղափոխել էին Բեռլին։ Գերմանիայի կառավարությունն ավելի ուշ հայտարարել էր, որ Նավալնիին թունավորել են արգելված «Նովիչոկ» տիպի նյութով։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իրեն ցանկացել են թունավորել ՌԴ իշխանությունները:










