«Կնոջ հետ խոսելուց 5 րոպե անց Փաշինյանը զանգահարել է Քյարամյանին և պահանջել ձերբակալել Մովսես Հակոբյանին ու ձեռնաշղթաներով Երևան բերել». Արամ Գաբրիելյանով

17:18 • 08.02.21

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր թելեգրամյան ալիքում հերթական գրառումն է արել Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ.

«29-ամյա Արգիշտի Քյարամյանն ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) 30 աշխատակցի հետ ժամանել է Արցախ: Հիմնական խնդիրը, որ Նիկոլ Փաշինյանը դրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետի առջև իր կնոջ՝ Աննա Հակոբյանի և իրենց որդու՝ Աշոտ Փաշինյանի անվտանգության ապահովումն է եղել:

Դերերը բաշխվել են հետևյալ կերպ. բացի Աննա Հակոբյանի անձնական պաշտպանությունից, նրա շուրջ, այսպես կոչված, արտաքին պարագիծը պաշտպանել է ևս 10 ամբողջովին զինված հատուկջոկատային: Անգամ Արցախի հատուկ նշանակության ջոկատայիններն են զարմացել, թե ինչպես են զինված եղել ԱԱԾ աշխատակիցները և ինչ զենքեր են ունեցել: Եվս տասը հոգի պաշտպանել է Փաշինյանի որդուն: Մնացածներն անընդհատ Արգիշտիի տրամադրության տակ են եղել:

Սկանդալն առաջացել է այն ժամանակ, երբ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը կոշտ կերպով պահանջել է, որ Նիկոլի կինը հեռանա բունկերից, որում մշակվել է գերգաղտնի ռազմական գործողություն: Դրանից առաջ մի քանի անգամ Աննա Հակոբյանը հրապարակավ նախատել է գեներալներին և փորձել է սովորեցնել նրանց, թե ինչպես ղեկավարել զորքերը: Մովսես Հակոբյանը չի կարողացել զսպել իրեն և շատ կոշտ կերպով պահանջել է կնոջից, որ նա լքի շտաբը:

Դրանից անմիջապես հետո Հակոբյանի թիկնապահները փորձել են հանգստացնել նրան: Այնուամենայնիվ, բավականաչափ հարբած կինը զանգահարել է Նիկոլին և նրան «շշպռել»: Ինպես հետո պատմում էին անվտանգության աշխատակիցները, աննկարագրելի գոռոց էր, ու Աննա Հակոբյանի սենյակից «երեքհարկանի» հայհոյանքներ էին լսվում: Կինը ստորացնում էր Նիկոլին ու ասում՝ դու ի՞նչ տղամարդ ես, եթե ինչ-որ մոծակ խայտառակել է քո կնոջը: 

Կնոջ հետ խոսելուց հինգ րոպե անց Փաշինյանը զանգահարել է Քյարամյանին և պահանջել, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետը ձերբակալի գեներալ Հակոբյանին և նրան ձեռնաշղթաներով բերի Երևան: 

Քարամյանը ողջունել է Փաշինյանի այդ հրամանն ու գնացել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ: Վախեցած Արայիկ Հարությունյանը երկու գեներալի է հրավիրել խորհրդակցելու: Գեներալներն ասել են, որ ոչ ոք նման հրաման չի կատարի, այլ ընդհակառակը, կձերբակալվեն Քյարամյանը և նրա ողջ անձնակազմը: Հետո Արայիկը հրաժարվել է ենթարկվել Փաշինյանի հրամանին, և այս մասին հայտնել է Արգիշտիին: Քարամյանը դողդոջուն ձայնով զեկուցել է Նիկոլին, որ գեներալ Հակոբյանին ձերբակալելու հրամանը անհնար է կատարել:

Փաշինյանը սկսել է բղավել ԱԱԾ-ի երիտասարդ ղեկավարի վրա և մեղադրել է նրան տղամարդ չլինելու համար: Դրանից հետո հրամանագիր է արձակվել պատերազմող երկրի ԱԱԾ ղեկավարին աշխատանքից ազատելու մասին»: