«Հորդորում ենք ԿԳՄՍՆ-ին՝ բեկանել այդ որոշումը, որպեսզի աշակերտների ապագան վտանգի տակ չդրվի». Աբովյանի թիվ 1 դպրոցում շարունակվում է նոր տնօրենի հեռանալու պահանջով գործադուլը և դասադուլը (տեսանյութ)
11։08
Աշակերտները «Բա–բա–յան» վանկարկումներով շարունակում են բողոքը: Պատմության ուսուցիչը, դիմելով ԿԳՄՍ նախարարությանը, հորդորում է բեկանել այդ որոշումը, որպեսզի աշակերտների ապագան վտանգի տակ չդրվի:
«Աշակերտները պաստառներ են պատրաստել «Տնօրեն, Բաբայան» գրվածքներով, մի քանիսը նոր տնօրենը պատռել է, սակայն պատերին դրանք դեռ փաքցվում են, իսկ Առաքելյանը դպրոց է գալիս այս պաստառներին նայելով և իրականության հետ բախվելով»,-ասաց ուսուցիչը:
10։44
Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում երկուշաբթին գործադուլով և դասադուլով է սկսվել: Այս մասին իր ֆեսյբուքյան ուղիղ եթերով հայտնեց դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը, աշակերտներն ու ուսուցչական կազմը բողոքի ակցիա է անում ընդդեմ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի:
Հիշեցնենք, որ դպրոցում խնդիրն սկսվել է հունվարի 22-ին տեղի ունեցած տնօրենի ընտրություններից հետո, որտեղ խորհրդի ձայները բաժանվել են 4-4 հարաբերակցությամբ և արդեն դպրոցի տնօրենի ընտրելու հարցով պետք է զբաղվեր ԿԳՄՍ նախարարը:
Ինչպես դպրոցի կազմն է հայտնում՝ տնօրենին ընտրող կառավարման խորհուրդը բաղկացած է եղել 8 անդամից՝ 2-ը մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներ, 2-ը՝ ծնողական խորհրդի, ավագ դպրոցների պարագայում 3-ը՝ ԿԳՄՍ ներկայացուցիչներ և մեկը՝ մարզպետարանից: Մրցույթի ավարտից հետո ԿԳՄՍ նախարարությունը որոշել է տնօրեն ընտրել Քարմիլե Առաքելյանին, սակայն ուսուցչական կազմը պնդում է, որ այն եղել է անարդար, քանի որ Առաքելյանը վայելում է Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հովանավորությունը:
«Նոր տնօրենը կրկին ոստիկանների ուղեկցությամբ է եկել: Աշակերտները դասի չեն գալիս, ծնողները չեն բերում, մարդիկ իրենց շահերն են պաշտպանում: Տնօրենի պաշտոնին գտնվող անձը մեզ հետ ոստիկանների միջնորդությամբ է շփվում»,-ասաց Փայտյանը:
Նորանշանակ տնօրենը ուսուցիչներին ասաց, որ իր իրավունքներին տեր է կանգնելու, որքան էլ ակցիաներ իրականացվեն:










