Ինչո՞ւ մեկ տարուց ավելի է՝ հողի աճուրդներ տեղի չեն ունենում, կարո՞ղ է այս հարցը տևի մինչև այս իշխանությունների կառավարման ավարտը. Անի Խաչատրյան (տեսանյութ)
Մենք ապօրինի շինարարություն ունեցող քաղաքացիներին տվեցինք առավելություններ, բայց օրինական շինարարություն անել ցանկացողներին արհամարհում ենք, 2.5 տարվա մեջ քանի՞ աճուրդ ենք ունեցել, քանի՞ հազարավոր դիմումներ կան, տարուց ավելի է՝ մարդիկ դիմել են աճուրներդի համար, իսկ աճուրդ, միևնույնն է, չի կայանում, կայացած աճուրդներն էլ էնքան թանկ են, որ ներդրողը մի 7-8 տարի պետք է սպասի, որ աճուրդները ամեն տարի 5 տոկոս իջնի, որ գա խելքին մոտիկ գին, որ գնի ու ներդնում անի: Այս մասին ավագանու նիստին ասաց ավագանու անդամ Անի Խաչատրյանը և հետաքրքրվեց՝ ինչու մեկ տարուց ավելի է, ինչ աճուրդներ տեղի չեն ունենում:
Փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանն էլ նշեց, թե հողի աճու8դի վերաբերյալ իրավական փոփոխություններ պետք է կատարվեն, որի արդյունքում իրավաբանական վարչությունում քննվում է այդ փաստաթուղթը, և երբ վերահաստատվի, կսկսեն աճուրդները: «Ինչ վերաբերում է գներին, մենք վերցնում ենք կադաստրային արժեքներ, կադաստրում գրանցված թվերը՝ նորմալ, մինիմալ և առավելագույն գին են և հանձնաժողովի նիստում որոշում ենք գինը»,- ասաց նա։
Անի Խաչատրյանն էլ ասաց, թե հենց այդ հանձնաժողվում, երբ գինը որոշվում է, առավելագույն գնով է ամբողջը լինում: «Հանձնաժողովը, որը փոխքաղաքապետն է գլխավորում, որոշում է ամենաբարձր գները, չգիտես ինչի, ու մնում է այդպես: Կարելի է գտնել խելամիտ գին: Հետո, էդ որ իրավաբանական վարչությունն ուսումնասիրում է, կարո՞ղ է մինչև այս իշխանության կառավարման վերջը տևեն այդ ուսումնասիրությունները»,- ասաց նա:
Անի խաչատրյանը հավելեց՝ փաստենք, որ աճուրդներ չեն լինում Երևանում, որովհետև ամբողջ օրը մարդ ենք փոխում:
Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ արձագանքեց հարցին. «Այո՛, աճուրդներ չեն կայանում, մեզ համար գուցե օբյեկտիվ են այդ պատճառները, այս հանձնաժողովի նախագահը փոխվեց, էն փոխվեց, բայց սուբյեկտիվ են դրսի համար, ընդունում եմ դա: Ասել եմ՝ հրատապության կարգով վերականգնել ողջ հանձնաժողովի աշխատանքը և աճուրդները սկսել իրականացնել: Ցավոք սրտի, Երևանին համայնքապատկան շատ հողեր չեն մնացել, բոլորը մասնավորի ձեռքերում է»,- ասաց նա:










