Պատկան մարմինները բավարար հետևողականությամբ չեն օգնում պատերազմի մասնակից քաղաքացիների խնդիրների լուծմանը. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)
Պատերազմի հետևանքով բազմաթիվ խնդիրներ են առաջացել, և հասարակության տարբեր շերտեր չեն կարողանում իրենց առջև ծառացած խնդիրների լուծումը գտնել: Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Այս իմաստով, որոշեցի հանգստյան օրերը նվիրել այդ խնդրի ընթացքին հետևելու համար և 4 հանդիպում ունեցա, որոնց եզրակացությունն այժմ կներկայացնեմ. առաջինը՝ հանդիպեցի զոհվածի ընտանիքի անդամներին, որոնք մտահոգված էին գումարների ուշացումով: Ստացել էին ընդամենը 700 հազար դրամ և այլևս այն 10 մլն-ը, որը նախատեսված էր, մինչև օրս որևէ առաջընթաց կամ որևէ հիմնավորում չունեին թե ինչու չեն ստացել»,- ասաց Բագրատյանը:
Նրա խոսքով՝ քաղաքացիները խնդիր ունեն կազմակերպչական հարցերում՝ իրավական օգնության: Նա նկատեց, որ քաղաքացիները բազմաթիվ պատկան դռներ են թակել և պատասխան չեն ունեցել:
«Երկրորդ հանդիպումը․ անհետ կորած մեր հերոս զինվորի ճակատագրով զբաղվող ընտանիքը չի կարողանում արդեն երկար ժամանակ է՝ որևէ տեղեկություն ստանալ, և պատկան մարմինները բավարար հետևողականությամբ չեն օգնում քաղաքացուն խնդրին հետամուտ լինելու համար: Անհետ կորած զինվորը՝ Արթուր Հարությունի Ղարիբյանը, նոյեմբերի 9-ից հայտարարել են, որ բացակայում է, և առ այսօր որևէ տեղեկություն չկա»,- ասաց Բագրատյանը:
3-րդ եզրակացությունը, ըստ Բագրատյանի, այն էր, որ վիրավոր զինվորի ընտանիքին այցելելիս, խոսքը Սերոբ Ղարիբյանի մասին է, խնդիր էր առաջացել բժշկական փորձաքննական ծառայության հետ կապված, որտեղ երիտասարդ զինվորի երիկամը հեռացրել էին, և տվել էին 3-րդ կարգի հաշմանդամություն:
«Այդ կարգի հաշմանդամություն ունեցողները ամսական ստանում են ընդամենը 20 հազար 500 դրամ դրամական օգնություն՝ թոշակ, որը, վստահ եմ, բավարար չէ այդ ընտանիքի կենսական խնդիրները լուծելու համար և ակնկալում եմ պատկան մարմինների ուշադրությունն այս հարցին, որ մարտական գործողությունների ժամանակ նման վնասվածք ստացած զինվորականին և քաղաքացիական կյանքում այդպիսի խնդրի դեպքում տարբերակումներ լինեն»,- ասաց Բագրատյանը:
Պատգամավորի վերջինն եզրակացությունն այն էր, որ երբ Ազատ Հրաչի Ասատրյանը դիմել է, որ ինքը մոբիլիզացվել է բանակ և իր անձնական օգտագործման ավտոմեքենան հրթիռակոծվել է:
«Քաղաքացին որևէ կերպ չի կարողանում որևէ կերպ փոխհատուցում ստանալ այդ մեքենայի դիմաց, իսկ այդ մեքենան տվյալ ընտանիքի միակ կերակրող գործիքն է, որի միջոցով ընտանիքը կարողանում էր ապրել: Խնդիր է առաջանում, թե ինչպես կարող են պատկան մարմինները շտապ կարգով լուծել այս խնդիրը և փոխհատուցում տրամադրել ընտանիքին: Ամփոփելով այս 4 այցը՝ եկա այն եզրակացության, որ օպերատիվ շտաբը կազմակերպչական լուրջ թերացումներ ունի այս աշխատանքների կազմակերպման գործում»,- ասաց պատգամավորը:
Սերգեյ Բագրատյանն առաջարկում է բոլոր համայնքապետարաններին հանձնարարել, որ տվյալ համայնքապետարանը իր աշխատակիցների միջոցով մեկ առ մեկ այցելի զինվորականների բնակարաններ, փաստաթղթերը հավաքի և կարողանա փոխանցել օպերատիվ շտաբին:










