«Ջոկեր» ֆիլմի երկրպագուն սպանության փորձի համար 16 տարվա ազատազրկման է դատապարտվել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում դատարանը 16 տարվա ազատազրկման է դատապարտել հոլիվուդյան «Ջոկեր» հոգեբանական թրիլլերի երկրպագուին, որը հարյուրավոր հանցագործություններ է կատարել, այդ թվում՝ մահափորձ, հաղորդում է բրիտանական Independent թերթը։
Նշվում է, որ Նոթինգեմի 31-ամյա բնակիչ Դեմիեն Համոնդը հաճախ է փողոցներում շրջում Ջոքերի կերպարով։
Վերջինս ձերբակալվել է այն ժամանակ, երբ իր բնակարանի պատուհանից ջինսի մեջ փաթաթված բոուլինգի գնդակ է նետել քաղաքի հանրային ծառայության աշխատակցի գլխին, որը փորձել է տեղափոխել դեն նետված հեռուստացույցը։ Համոնդի խոսքով՝ ինքն է ցանկացել վերցնել այն։
Արդյունքում աշխատակիցը գանգի կոտրվածք է ստացել, ինչն էլ գլխուղեղի արյունազեղման պատճառ է դարձել։
Ձերբակալության ժամանակ Համոնդը երկու ժամ ոստիկաններին թույլ չի տվել մտնել բնակարան, ապա հրկիզել է իրեն և նետվել պատուհանից։ Նրան ձերբակալել են փողոցում։
Պարբերականի տվյալներով՝ չարագործը հոգեբանական խանգարումներ ունի և կատարել է 100-ից ավելի այլ հանցագործություններ։
Նշենք, որ «Ջոկերը» դարձել է պատմության մեջ առաջին ֆիլմը, որի հասույթը համաշխարհային վարձույթում գերազանցել է 800 մլն դոլարը:
Խոակին Ֆենիքսի գլխավոր դերակատարմամբ ֆիլմը պատմում է Ջոկերի՝ Բեթմեն սուպերհերոսի գլխավոր թշնամու պատմությունը։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1980-ականներին:
Ֆիլմը համաշխարհային վարձույթում է հայտնվել 2019-ի հոկտեմբերի 4-ից։












