Լուկաշենկոն ցուցարարներից պահանջել է փոխհատուցել ցույցերի ժամանակ Մինսկին հասցրած վնասը

16:29 • 09.02.21

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բողոքի ակցիաների մասնակիցները պետք է ամբողջությամբ փոխհատուցեն այն վնասը, որն անցյալ տարի հասցվել էր Մինսկի քաղաքային տնտեսությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արդյո՞ք նրանք քաղաքին փոխհատուցել են այն, ինչ կոտրել են։ Արդյո՞ք նրանք հատուցել են իրենց արարքների համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ պետք է անպայման վերականգնել ցուցարարների գործողությունների հետևանքով հասցված ավերածությունները։

Նրա խոսքով՝ Մինսկը երկրի դեմքն է։

«Այն մեր քաղաքն է, բելառուսական քաղաքը, այն քաղաքակիրթ քաղաք է, Եվրոպայի կենտրոնը»,- հայտարարել է նա։

Ընդ որում, նախագահը հավելել է, որ «այդ բուռն իրադարձություններից հետո», պետք է հետևություններ անել և դասեր քաղել:

Լուկաշենկոյի խոսքով՝ ինքն ակնկալում է, որ ընթացիկ տարին երկրի համար բարդ կլինի, այդ թվում՝ արտաքին գործոնների պատճառով, այդ պատճառով էլ իշխանությունները պետք է դիմակայեն։

«Պետք է նայել ապագային, հատկապես՝ ընթացիկ տարում։ Մենք պետք է ամեն գնով դիմակայենք։ Տարին բարդ, ծանր է լինելու՝ հաշվի առնելով հատկապես արտաքին գործոնները»,- հավելել է Բելառուսի նախագահը։

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ է տարել Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Արևմտյան երկրները չեն ճանաչել ընտրությունների արդյունքներն ու պահանջել դադարեցնել ցուցարարների վրա գորժադրվող ճնշումները, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատժամիջոցներ են կիրառել որոշ պաշտոնյաների և պետական ձեռնարկությունների նկատմամբ: