Վթարային շենքերի խնդրի հետ կապված իրականությունը չեմ ասել, կարող է ծանր լինել, բայց հիմա պետք է ասեմ. դա սեփականատիրոջ ու Կառավարության խնդիրն է, ոչ թե քաղաքապետարանի. Հայկ Մարության
Այս հարցերը միշտ բարձրաձայնվում են, փորձում եմ իրականությունը չասել, որովհետև կարող է ծանր լինել, բայց պետք է իրականությունն ասել, հարգելինե՛րս, շենքերի խնդիրը դա առաջին հերթին օրենքով հենց շենքում բնակվող սեփականատերերի խնդիրն է, դա իրենց սեփականությունն է մուտքով կտուրով, ելքերով: Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանի և ավագանու անդամ Անի Խաչատրյանի հարցերին:
Արմեն Ներսիսյանը հետաքրքրվեց, թե Վարդաշենի վթարային շենքի բնակիչներին այլ տեղ տեղափոխելու համար հստակ ժամկետ կա՞, թե ոչ, ինչին ի պատասխան փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը նշեց, թե խնդրով զբաղվում են:
Իսկ Անի խաչատրյանը հայտարարեց, թե Կոնկրետ Մարգարյան 31 հասցեում ամրացման խնդիր ունի 3-րդ կարգի վթարային շենքի 6-րդ մուտքը, որը քանդվում է:
«Երբ այդ բնակարանը վաճառվում է ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ էլ պետությունը ոչինչ չեն ստանում այդ գումարից, օրենքն է այդպես: Սեփականատերը պետք է զբաղվի ամրացումներով շենքի, շենքից դուրս մենք, բայց շենքի ներսում ամեն ինչն իրենց լիազորության ներքո է»,- ասաց նա:
Բացի այդ, Հայկ Մարությանը նշեց, որ եթե ինչ-որ գերատեսչություն պետք է զբաղվի իրենցով դա Կառավարությունն է: «Սա էլ ֆիքսենք, էդ երկուսը, եթե չեն կարողանում կամ չեն ուզում անեն, նոր մենք պետք է ինչ-որ բան անենք կամ չանենք, օրենքով պետք է չանենք, բայց մարդասիրական, կամ չգիտեմ դրա անունը ինչ դնեմ, քայլով կարող ենք անել: Մենք դրա ո՛չ լիազորությունը, ո՛չ պարտականությունը ունենք»,- ասաց նա:
Հայկ Մարությանը նշեց, թե երբ այդ հարցերը, որ բարձրաձայնում են, ինքը լուռ լսում է, որովհետև, այո, լավ կլիներ, որ օգնեին: «Ես ուզում եմ, որ օգնենք, բայց մեզ վրա չկա դրված դրա ո՛չ պարտականությունը, ո՛չ լիազորությունը, ո՛չ էլ բյուջեում դրա համար նախատեսված գումար կա: Եկեք մենք մեր լիազորություններն ու պարտականություններ սկսենք չանելը ու դա անենք: Եկեք գնանք օրենքով գրենք, որ դա էլ է մեր պարտականությունը, ավագանիով հաստատենք, բյուջեով ամեն տարի ինչ-որ մի կտոր էն կողմ դնենք, որ այդ շենքերի կառուցման համար է դա էլ»,- ասաց նա:










