Մյանմարում ոստիկանությունը ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ է կիրառել ընդդեմ ցուցարարների

17:41 • 09.02.21

Երեքշաբթի Մյանմարի մայրաքաղաք Նայպիդոյի ոստիկանությունը հրազենային կրակ է բացել՝  օրերս հեղաշրջում իրականացրած ռազմական իշխանության դեմ անցկացվող ցույցերը ցրելու նպատակով, հայտնում է Al Jazeera -ն՝ վկայակոչելով ականատեսներին: Նրանցից մեկն ասել է, որ ցուցարարները փախչում էին, քանի որ ոստիկանությունը կրակ է բացել, սակայն ոչ ամբոխի ուղղությամբ, այլ դեպի օդ:

Սկզբում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել  և փորձել է հետ մղել հոծ բազմությանը, սակայն, ի պատասխան ոստիկանության գործողություններին, ցուցարարները արկեր են նետել: Սոցկայքերում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ կրակոցների ձայնից վազում հեռվում:

«Նրանք երկու անգամ նախազգուշական կրակոցներ արձակեցին դեպի երկինք, այնուհետև ռետինե փամփուշտներով կրակեցին ցուցարարների ուղղությամբ», - աել է բնակիչներից մեկը` հավելելով, որ որոշ մարդկանց վիրավոր է տեսել:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am -ը, Մյանմարում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության»  կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Զինվորական հեռուստատեսությունը հաղորդել էր երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն: