Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի, հայտնի են նրանց անունները
Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, գերիները վերադարձել են ռուսական կողմի միջնորդությամբ:
Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Այստեղ են հավաքվել գերիների բազմաթիվ հարազատներ:
Ադրբեջանից վերադարձած գերիներն են՝ Ալոյան Թաթուլ Սամվելի, Գալստյան Արայիկ Հրաչյայի, Իսրայելյան Հովհաննես Գևորգի, Մովսիսյան Վահրամ Արայիկի, Մանուկյան Կարեն Արայիկի։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ադրբեջանից վերադարձած հինգ գերիներից երեքը Շիրակի մարզից են։
Նշենք, որ ռուս խաղաղպահների ուղեկցությամբ Երևանից էլ Բաքու է տեղափոխվել մեկ ադրբեջանցի գերի: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:










