Այո, ես այդ գործով մասնակցել եմ, բայց բացառում եմ քաղաքական գործոնը. Վճռաբեկ դատարանի խորհրդի նախագահի թեկնածուն՝ «Սարի թաղի» գործով կալանավորվածի հայտարարության մասին

13:03 • 09.02.21

Խմբակցությունը նամակ է ստացել քաղաքացի Հովսեփ Խորշուդյանից, որտեղ ասվում է. «Տեղեկացնում եմ, որ տիկին Թադևոսյանը մեղսակից է օրերս Եվրադատարանի կողմից ապօրինի ճանաչված «Սարի թաղի» գործով իմ և իմ պայքարակիցների կալանավորման որոշումներն ուժի մեջ թողնելու հարցում, և ինչպես կարող եմ կռահել, նախկին իշխանությունների քաղաքական պատվերով շատ այլ ապօրինի որոշումներ դակելու հարցում»: Այս մասին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր Վճռաբեկ դատարանի խորհրդի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանի թեկնածության հարցը, հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆի Սամսոնյանը՝ ընթերցելով քաղաքական գործիչ, «Ժառանգության» կուսակցության նախկին խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի նամակը:

Անի Սամսոնյանը նշեց, որ արդարացի կլինի, որ հիմա հնարավորություն տրվի  թեկնածուին այս ուղղված մեղադրանքին պատասխանել: Լիլիթ Թադևոսյանն ասաց, որ անշուշտ ծանոթ է այդ խնդրին, Եվրոպական դատարանը 2020 թվականի դեկտեմբերին, հաստատել է Հայաստանի Հանրապետության միակողմանի հայտարարությունը: «Դա ենթադրում է, որ ՀՀ կառավարությունն ընդունել է խախտման փաստը և Եվրոպական դատարանն իր վճռով հաստատել է ՀՀ միակողմանի հայտարարությունը: Ավելին՝ չեմ կարող մեկնաբանել, հաշվի առնելով, որ չի բացառվում, որ Եվրոպական դատարանի վճռի հիման վրա հետագայում վճռաբեկ բողոք ներկայացվի նախկինում կայացված դատական ակտը վերանայելու խնդրանքով, ուստի չեմ կարող ինձ կաշկանդել: Այո, ես այդ գործով մասնակցել եմ, հանդիսացել եմ պալատի դատավոր»,-ասաց նա:

Անի Սամսոնյանը հարցրեց, թե այսինքն՝ Դուք կարող եք այստեղ պատասխանատու կերպով հայտարարել, որ բացառվո՞ւմ է, որ Ձեր որոշումը պայմանավորված է եղել որևէ քաղաքական նպատակադրմամբ, թեկնածուն ասաց. «Ես բացառում եմ որևէ քաղաքական գործոն՝ իմ կողմից կայացրած որևէ դատական ակտով, ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»,-վստահեցրեց նա: