Եթե ինչ-որ մեկը մեզ առաջարկում է պարտք չվերցնել, պետք է ցույց տա այն ճանապարհը, թե ինչպես պետք է թոշակ ու աշխատավարձ վճարենք մարդկանց. Բաբկեն Թունյան (տեսանյութ)

19:04 • 09.02.21

Եթե ինչ-որ մեկը մեզ առաջարկում է պարտք չվերցնել, ապա պետք է ցույց տա այն ճանապարհը, թե ինչպես պետք է թոշակ ու աշխատավարձ վճարենք մարդկանց, այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Անդրադառնալով քննադատություններին՝ Թունյանը նշեց, թե կա ներդրումների անկում, ցավալի անկում կա, բայց այդ անկումը անցած տարի արձանագրվել է աշխարհի գրեթե բոլոր երկներում համավարակի պատճառով, աշխարհի բոլոր երկրներն էլ տարին փակել են անկումով ու այդ պայմաններում սովորաբար ներդրումներ չեն կատարվում:

Ինչ վերաբերում է եվրոբոնդերին, Թունյանն ասաց. «Թողարկվել է 750 մլն դոլարի եվրոբոնդ, պարտատոմս, բայց դա ներկայացնել որպես ձախողում, կարծում եմ այդքան էլ ճիշտ չէ: Բարձր տոկոսը հարաբերական է, տոկոսը մեզնից կախված չէ, ովքեր բացարձակ թվով ասում են՝ պարտքն էսքանով ավելացավ, պետք է նաև հաշվի առնեն մյուս կողմերը. Մենք ունեցել ենք հարկերի նվազում, ունեցել են Քովիդ, ունեցել ենք փակված ընկերություններ, մյուս կողմից արտոնություններ ենք տվել, հարկեր են հետաձգվել, այսինքն՝ մենք մեր հարկային եկամուտները նվազեցրել ենք, մյուս կողմից մեր ծախսերն ավելացրել ենք»,- ասաց պատգամավորը և հավելեց.

«Այս պայմաններում բյուջեն ունի դեֆիցիտ, և եթե ինչ-որ մեկը մեզ առաջարկում է պարտք չվերցնենք, ապա պետք է ցույց տա այն ճանապարհը, թե ինչպես պետք է մենք պետական բյուջեի ծախսերը կատարենք, ինչպես պետք է աշխատավարձ, թոշակ վճարենք մարդկանց ու կատարենք մնացած ծախսերը»: