Լկտիագույն սուտ է՝ իշխանությունը գերիների հարցով զբաղվում է միայն «գալչկայի» համար, ընդդիմությո՛ւն, ձեզ վրա հույս դնել չի լինի, դրա համար մեզ ասում են՝ արտահերթ ընտրություններ մի արեք. պատգամավոր

18:38 • 09.02.21

Հարգելի՛ գործընկերներ, ես հասկանում եմ, որ ով ինչ ուզի այս ամբիոնից կարող է խոսել, բայց այս ինչե՞ր եք ձեզ թույլ տալիս ընդհանրապես, ի՞նչ է նշանակում՝ իշխանությունը գերիների հարցով զբաղվում է «գալչկայի» համար, ուրեմն ես պաշտոնապես հայտարարում եմ՝ դա լկտի, սուտ է, լկտիագույն սուտ: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Ինչպե՞ս կարելի է նման արտահայտություն անել՝ սիրես էդ մարդուն, չսիրես էդ մարդուն, սիրես էդ ղեկավարին կամ իշխանության նեկայացուցչին, կամ չէ, գաս ասես՝ իշխանությունը գերիների հարցով զբաղվում է գալչկայի համա՞ր: Չեմ հասկանում՝ էս ո՞ւր ենք մենք հասել, 2 ամսից ավելի մենք լռում ենք, չենք ուզում այս պրոցեսը տանենք լարվածության, բայց էս ինչի՞ մասին է ընդհանրապես խոսքը, ո՞վ է ձեզ իրավունք տվել նման բան ասել: Լսե՞լ եք որևէ իշխանության ներկայացուցչի կողմից անհարգալից վերաբերմունք ձեզնից որևէ մեկի անձի հանդեպ»,- հայտարարեց նա:

Վաղարշակ Հակոբյանը այնուհետև անդրադարձավ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հայտարարությանը. «Մեր հարգելի գործընկեր Միքայել Մելքումյանն ասում է՝  ձեզ վրա հույս դնել չի լինի: Հարգելի՛ գործըկերներ, ընդդիմության ներկայացուցիչներ, ձեզ վրա հույս դնել չի լինի, էս ժողովուրդը դա շատ լավ գիտի, դրա համար էլ 70 տոկոս մեզ ձայն է տվել, դրա համար էլ հիմա ասում է՝ մի գնացեք արտահերթ ընտրությունների, որովհետև այդ ընդդիմության վրա հույս դնել չի լինելու»,- ասաց նա: