Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննում է 11 և 15 տարեկան ադրբեջանցի պատանիների նշանադրության դեպքը
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքրքրվել է 11 և 15 տարեկան դեռահասների նշանադրությամբ, որը ենթադրաբար տեղի է ունեցել Թբիլիսիի ծայրամասում գտնվող Պոնիճալա թաղամասում: Այս մասին գրում է Грузия Онлайн կայքը:
Ֆեյսբուքում տեղադրվել է անչափահասների հնարավոր նշանադրության լուսանկարը. ադրբեջանցի ակտիվիստ և գրող Գյունել Մովլուդը կոչ է արել Վրաստանի կառավարությանը արձագանքել այս դեպքին:
«Վրաստանի հարգելի գործընկերներ, ի՞նչ է սա: Ադրբեջանական ծագմամբ Վրաստանի քաղաքացիներ 11-ամյա աղջկա և 15-ամյա տղայի նշանադրության արարողությունից լուսանկար` վրացական Պոնիճալայից: Այսինքն՝ սա Վրաստանում նորմա՞լ է: Արդյոք արդեն Թբիլիսիում է՞լ է նման բան տեղի ունենում: Սրանք ոչ մի ժողովրդի սովորույթներ չեն: Ադրբեջանում վաղ ամուսնությունը նույն հանցագործությունն է, ինչ Վրաստանում: Հուսով եմ, որ Վրաստանի պատկան մարմինները իրենց վերահսկողության տակ կվերցնեն այս գործը (և սրա նմանները)»,-գրել է Մովլուդը:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ անչափահասների հնարավոր նշանադրության վերաբերյալ հետաքննություն է իրականացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» ենթակետով, որը ենթադրում է անչափահասին ամուսնանալ ստիպելը:
Գերատեսչությունն ընդգծում է, որ համացանցում տեղադրված տեսանյութում արձանագրված հանգամանքները պարզելու համար այս քրեական գործով իրականացվում են բոլոր համապատասխան քննչական և դատավարական գործողությունները:










