Հրաժարական չեմ տալիս, խոստումներ եմ տվել, որոնք պետք է հերթով կատարեմ. Հայկ Մարության (տեսանյութ)

20:32 • 09.02.21

Հրաժարական չեմ տալիս. այս մասին ավագանու նիստին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանի հարցին՝ մամուլում շրջանառվում են ձեր հրաժարականի մասին լուրեր և նշվում է, որ նշանակվելու եք Չեխիայի դեսպան, որքանո՞վ են հավաստի այդ լուրերը:

«Եթե, այնուամենայնիվ, որոշեք հրաժարական տալ, գտեք մեխանիզմներ, որ այս ավագանին ցրվի, որովհետև այս ավագանիում չկա մի ավագանու անդամ, ով կարող է Երևանի քաղաքապետ աշխատել»,- ասաց Մարկոս Հարությունյանը:

Քաղաքապետը նախ նշեց, որ հրաժարական չի տալու, ապա ավելացրեց, որ մինչև Չեխիայի դեսպանը նշում էին, թե ԱՄՆ դեսպան է նշանակվելու:

«Այսինքն՝ տարբեր, հիմա նախապատրաստվում էի արդեն Ճապոնիայում ՀՀ դեսպանը լինել, քիչ-քիչ: Բայց ամենահետաքրիրը դա չէ, ամենահետաքրքիրը այդ դեսպանների վիճակն է, որոնք թերթերից կարդում են դա: Թե չէ մենք այստեղ ենք, մենք գիտենք, որ ոչ մի բան չկա, մեզ համար հանգիստ աշխատում ենք, բա այդ դեսպաններն ի՞նչ ասեն»,- կատակեց քաղաքապետը:

Նա նշեց, որ ունի տրված խոստումներ ժողովրդին և այդ խոստումները հերթականությամբ կատարելով գնում է, քանի դեռ բոլոր խոստումները կատարված չեն, անում է իր աշխատանքը:

ԱՆի Խաչատրյան էլ արձագանքեց. «Պարոն քաղաքապետ, բա որ մինչև ժամկետի վերջը չկատարեք Ձեր խոստումները, էլի պիտի մնա՞ք»: Քաղաքպետը պատասխանեց․ «Բա տեսնո՞ւմ եք»։ Ի պատասխան Անի Խաչատրյանն ասաց. «Քաշվանք էլի»:

Մարությանն էլ կատակեց՝ դե ուրեմն օգնեք, որ կատարեմ խոստումներս: