Կորոնավիրուսի, պատերազմի նման ճգնաժամերը պլանավորելն ու Կառավարության 5-ամյա ծրագրում արտացոլելը դժվար կլիներ․ այժմ արձագանքման գործիքներն են փոխվում․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)

18:41 • 10.02.21

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավոր Տարոն Սիմոնյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ Կառավարության 5-ամյա ծրագրի և ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ այդ ծրագրում հնարավոր փոփոխությունների մասին։

«2019-ի փետրվարի 8-ին ընդունվել է Կառավարության 5-ամյա ծրագիրը, երկու տարի հետո ունենք մի իրավիճակ, որն ստիպում է վերանայել այդ ծրագրի որոշ դրույթներ՝ հատկապես անվտանգային համակարգում, պաշտպանության, արտաքին քաղաքականություններում, Արցախի հարցում։ Ի՞նչ անել․ եթե կառավարությունն այս ծրագրով պետք է առաջնորդվի, ապա այս ծրագիրն այս ոլորտներով չի համապատասխանում այն վիճակին, որն ունենք»,- ասաց պատգամավորը՝ հարցնելով՝ ծրագիրը փոխվելո՞ւ է։

Հարցին Փաշինյանի փոխարեն պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Աշխարհի որևէ կառավարություն իր միջնաժամկետ կամ երկարաժամկետ ծրագրերում կորոնավիրուսի համավարակի ճգնաժամը չէր պլանավորել, և նմանատիպ ճգնաժամեր, ինչպիսին էին կորոնավիրուսը, պատերազմը, պլանավորելն ու, համապատասխանաբար, կառավարության 5-ամյա ծրագրում արտացոլելը դժվար կլիներ։ Միանշանակ, իրավիճակի փոփոխություն տեղի է ունեցել, և իրավիճակի փոփոխությունից բխելով՝ Կառավարության քայլերը և առաջնահերթությունները նույնպես փոխվում են։ Նմանատիպ ճգնաժամային իրավիճակներում գործի են դրվում ավելի կարճաժամկետ ծրագրեր»,-ասաց նա։

Ավինյանը նշեց՝ ընդհանուր առմամբ, սկզբունքները չեն փոխվել, փոխվում են արձագանքման գործիքները, և նոր գործիքների ներդրման պահանջ է առաջանում ճգնաժամերի ժամանակ, և Կառավարությունը նմանատիպ գործիքներ ներդնում է։