Կիևը ՆԱՏՕ-ին առաջարկել է թռչել Ղրիմի սահմանների մոտակայքում

17:06 • 10.02.21

Ուկրաինան առաջարկում է օգտագործել Սիմֆերոպոլի օդային տարածքը ՆԱՏՕ-ի օդային գործողությունների շրջանակում զորքեր, սարքավորումներ, բեռներ տեղափոխելու նպատակով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլիյը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով տեղակալ Պատրիկ Թյորների հետ բանակցությունների ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո, ասել էր, որ Կիևն աշխատում է ընդլայնել սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, 2021 թվականին Դաշինքի երկրների հետ մի շարք համատեղ զորավարժություններ են ծրագրված՝ ներառյալ Օդեսայում «Անխափան կայունություն» զորավարժությունը:

«Հաշվի առնելով Սիմֆերոպոլի թռիչքների տեղեկատվական տարածաշրջանում թռիչքների անվտանգության վերաբերյալ EASA-ի թարմացված տեղեկագիրը և Սիմֆերոպոլի թռիչքային տեղեկատվական շրջանում թռիչքների ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչակազմի սահմանափակումների վերացումը` մենք առաջարկում ենք օգտագործել օդային տարածքի այս մասը ՆԱՏՕ-ի զորքերի, սարքավորումների, բեռների և այլնի տեղափոխման օդային գործողությունների համար: Հուսով ենք, որ ՆԱՏՕ-ն կաջակցի Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով օդային իրավիճակի վերահսկմանը»,-Կրիկլիային  մեջբերում է ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը: