Բարդ է անառարկելի հիմնավորել, թե ինչու բուհական խորհուրդների կազմը պետք է լինին 9 և ոչ թե 7, կամ 10. Վահրամ Դումանյան (տեսանյութ)

11:29 • 10.02.21

Ազգային ժողովը քննարկում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նա նշեց, որ նախագծի նպատակն է բուհական ոլորտում իրավահավասարության ապահովումը, խտրականության բացառումը, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը և բուհերի ինքնավարությունը:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է կրճատել բուհական խորհուրդների կազմերը՝ 16-ից դարձնելով 9-ը, 5-ը՝ լիազոր մարմնի, 4-ը՝ բուհի կողմից:   Առաջարկվում է նաև ԵՊՀ-ին տալ հատուկ կարգավիճակ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե ինչու կառավարման խորհուրդները 9 հոգանոց կազմով պետք է լինեն, որտեղ գերակշռելու են կառավարության ներկայացուցիչները: «Այն չորսը, որ պետք է ընդունվեն, չորսից քանի՞ ուսանող և դասախոս է նախատեսվում, որ կլինի կառավարման խորհրդում»,-հետաքրքրվեց նա:

Վահրամ Դումանյանն ասաց, որ բուհը պետք է որոշի համամասնությունը, և իրենք չեն ուզում պարտադրել: «Կոնկրետ ինը թիվը և ոչ թե տասը, կամ յոթ շատ բարդ է հստակ, անառարկելի հիմնավորել, ինչպես բարդ է գիտականորեն հիմնավորել, թե ինչու ԱԺ պատգամավորների թիվը պետք է լինի այսքան: Իմ անձնական համոզմամբ պետք է լիներ, ոչ թե հինգ-չորս, այլ ես կողմնակից եմ ինը-զրոյին: Եթե բուհի հիմնադիրը պետությունն է, պետությունը պետք է կրի հարյուր տոկոս պատասխանատվություն բուհի գործունեության համար»,-ասաց նա և նշեց, որ այդ որոշումը ընկալելի չէր լինի հանրության, մասնագիտական հանրության հետ:

Անի Սամսոնյանը հիշեցրեց, որ ՀՀ սահմանադրությամբ բուհերին տրված է իրավունք ունենալ ինքնավարություն, և այս մոտեցումը ոտնահարում է ԲՈՒՀ-երի սահմանադրական իրավունքը: «Սրանով վտանգվում է բուհի ինքնավարության իրավունքը»,-ասաց նա:

Վահրամ Դումանյանը նշեց, որ ցանկացած դրույթի հետ կարելի է համաձայնել, կարելի է չհամաձայնել, այստեղ բացառիկ ճշմարտությունների մասին չի ասվում, այլ մոտեցումների մասին է խոսքը: «Իմ խորին համոզմամբ՝ ինքնավարությունը շփոթվում է այլ բանի հետ, բուհի ինքնավարությունը սկսվում է և ավարտվում է բուհի առավելության իրականացման գործունեության մեջ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հատուկ կարգավիճակին ֆինանսավորման հարցում նա ասաց, որ կոնկրետ բան ասել չի կարող այս պահին: