Պատերազմի մասին ճշմարտությունը բավականաչափ քննարկվել է և հազարից ավելի քրգործ է հարուցված. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Պատերազմի ավարտի երեք ամիսը լրացել է, երեք ամիս է՝ առաջարկում ենք փաստահավաք խումբ ստեղծել և քննել նախապատերազմյան շրջանը, պատերազմի կառավարման ընթացքը և համապատասխան զեկույցով հանդես գալ ժողովրդի առաջ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:
Նա նշեց, որ առաջարկում էին ստեղծել փաստահավաք խումբ, երեք ամիս անցել է, կոնսենսուսի չեն եկել «Իմ քայլի» պատգամավորների հետ, հիմա պատրաստել են օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել փաստահավաք խումբ և անդամների թվերն են վերանայել: «Մարդիկ ուզում են իմանալ՝ ինչ է տեղի ունեցել: Ես ուզում եմ վարչապետից՝ որպես պատերազմի ժամանակ հրամանատար, թիվ մեկ բանակցող և հիմա՝ ճգնաժամի համար թիվ մեկ պատասխանատու, ստանալ պատասխան»:
Հարցին պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Էդմոն Մարուքյանի առաջարկած հանձնաժողովը 70 տոկոսով պետք է ձևավորվի այն քաղաքական ուժերից, որոնք իրենց հարցերի պատասխանները տվել են տարբեր ամբիոններից: Նա նշեց, որ վերջին անգամ փորձել են ԼՀԿ-ին հրավիրել քննարկման, բայց ԼՀԿ-ն հարկ չի համարել գնալ:
Փաշինյանը հավելեց, որ այս պահին պատերազմին առնչվող հազարից ավելի քրեական գործ կա: «Պատերազմի մասին ճշմարտությունը բավականաչափ քննարկվել է, և համաձայն եմ, մինչև վերջին դետալը պետք է պարզվի, բայց հազարից ավելի քրեական գործ է հարուցված, այնպես չէ, որ դրանք տվել են մեզ այս պահին անհրաժեշտ հարցերի պատասխանները, բայց պետք է ամեն ինչ անել, որ տան այդ պատասխանները»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը քրեական գործերի հարուցման վերաբերյալ հիշեցրեց, որ մարտի 1-ից հետո քրեական գործ կար հարուցված, բայց ստեղծվեց փաստահավաք խումբ, ապրիլյան պատերազմից հետո կային քրեական գործեր, բայց ստեղծվեց քննիչ հանձնաժողով: «Որ ստեղծվի քննիչ հանձնաժողով, այն վստահության մակարդակ չի ունենալու, քանի որ մեծամասամբ կազմված է լինելու իշխանությունից: Քրեական գործերով չի լինելու վստահություն, լինելու է հետևյալը՝ դուք քրեական գործեր եք հարուցել, որ մեղքի բեռը ձեր վրայից գցեք»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նոր տեքստին ծանոթ չէ, կնայի ու կարձագանքի:










