Գերիների խնդրի մասին ինձ հիշեցնելու կարիք չկա, խնդրի հետ կապված որևէ ակցիա անելու կարիք էլ չկա, այդ ակցիաները մեր գլխում, մեր մտքում և մեր սրտում են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Գերիների վերադարձի հետ կապված դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, դժգոհություն կա կառավարությունում, բոլորս էլ դժգոհ ենք, այսօր այդ իրավիճակից որևէ մեկն էլ գոհ չէ: Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի գերիների մասին հարցին:
«Փաստենք, որ այս պահին Շիրակի մարզում դժգոհության ալիք կա գերիների վերադարձի հետ կապված, միջպետական ճանապարհ է փակվել, և ծնողները ցանկություն ունեն հանդիպելու Ձեզ հետ»,- ասաց պատգամավորը:
Փաշինյանը նշեց, որ պլանավորում են այց Շիրակի մարզ, որտեղ տարբեր հանդիպումներ կունենան քաղաքացիների հետ, այդ թվում նաև գերիների հարազատների հետ:
«Ուզում եմ հավաստիացում անել՝ գերիների խնդրի մասին մեզ, ինձ, հիշեցնելու անհրաժեշտություն չկա, որովհետև մենք ոչ մի վայրկյան այդ խնդրի մասին չենք մոռանում: Այդ խնդրի հետ կապված մեզ որևէ գործողության դրդելու համար որևէ ակցիա անելու անհրաժեշտություն չկա, որովհետև այդ ակցիաները մեր գլխում, մեր մտքում, մեր սրտում են: Սա այն դեպքն է, երբ մենք պետք է առաջնորդվենք բժշկական սկզբունքով՝ չվնասել»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ այս ընթացքում էլ համոզվել են, որ եղել են մի շարք գործողություններ, որոնք թվացել է, որ տեղի են ունենում ի նպաստ խնդրի շուտափույթ լուծման, բայց գործնականում հակառական է տեղի ունեցել:
«Բնականաբար առաջնահերթություն է գերիների հարցը: Բազմաթիվ այլ միջոցներով էլ ակտիվ աշխատանք է տեղի ունենում դրա հետ կապված և նաև ուզում եմ ընդգծել ՌԴ մեր գործընկերներն ակտիվ ներգրավված են գործընթացում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










