Հետվնասվածքային համախտանիշներով տառապող մարդկանց հետ աշխատող հոգեբանների համար ԵՊՀ–ում վերապատրաստման դասընթացներ կանցկացվեն

22:00 • 10.02.21

Արցախում աշնանային ռազմական իրադարձությունների հետևանքով պատերազմի միջով անցած շատ զինվորներ հոգեբանական օգնության և վերականգնման կարիք ունեն: Այդ նպատակով Էստոնիայի Հայկական Միության ակտիվ ներկայացուցիչների աջակցությամբ, ի դեմս համայնքի նախագահ Ռազմիկ Իվանյանի, «Լոգոս» հոգեբանական կենտրոնի և ԵՊՀ հրավերով Հայաստան են ժամանել տրանսպերսոնալ հոգեբանության և հիպնոթերապիայի միջազգային դպրոցի հիմնադիր, տրանզակցիոն հիպնովերլուծության հեղինակ, 30 տարվա պրակտիկ հոգեբան, արտ թերապևտ, պատերազմական իրադրություններում խորհրդատվության և թերապիայի մեծ փորձ ունեցող հոգեթերապևտ Յուրե Բիեհոնսկին և վշտի խնդիրներով խորհրդատու Մելլի Լեյնը։

2021 թվականի փետրվարի 10-ից 18-ը Երևանում՝ ԵՊՀ Մշակույթի կենտրոնի դահլիճում, անցկացվելու են վերապատրաստման վեցօրյա տեսական և գործնական անվճար դասընթացներ՝ հետվնասվածքային համախտանիշներով տառապող մարդկանց հետ աշխատող հոգեբանների համար, ինչպես նաև հոգեբանական խորհրդատվություն տրամադրել օգնության կարիք ունեցող մի խումբ մարդկանց և փորձի ու վերապատրաստման կարիք ունեցող մասնագետների:

Յ․ Բիհոնսկին և Մ․ Լեյնը կանցկացնեն աշխատանքներ և խորհրդակցություններ ամենադժվար հոգեբանական օգնության կարիք ունեցող զինվորների հետ, մասնագետների հետ կկիսվեն իրենց փորձով։ Դասընթացներին մասնակցելու են հայ հոգեբանները, հոգեբանական անձնակազմերը, որոնք ներկայումս աշխատում են հետտրավմատիկ սթրեսային խանգարումով տառապող զինվորների և մահացած զինվորների հարազատների, ընտանիքների հետ։

Դասընթացների կազմակերպմանը աջակցում են նաև ԵՊՀ Մշակույթի կենտրոնը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ Հյուրերը դասընթացների ընթացքում կանդրադառնան հոգեբանական աշխատանքի առանձնահատկություններին տրավմայի, հետտրավմատիկ խնդիրների և վշտի հետ, նաև պատերզմական իրադրության հետևանքով հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ ունեցող ու վշտի մեջ գտնվող անձանց հետ հոգեբանական աշխատանքի առանձնահատկություններին, հոգեբանական խորհրդատվության ճիշտ կազմակերպմանը տրավմաների դեպքում։ Դասընթացների նպատակն է օգնել մասնագետներին հաղթահարել սեփական հույզերն ու ապրումները, անձնական տրավմաները, որոնք առաջացել են այդ ընթացքում։

Յուրե Բեխոնսկին և Մելի Լանեն հայ մասնագետներին կներկայացնեն հետտրավմատիկ սթրեսային խանգարումների հետ աշխատելու վերջին նորագույն մեթոդները, նաև, թե ինչպես դուրս գալ ՀՏՍԽ ախտորոշման արդեն ընդունված շրջանակներից՝ ախտորոշել այն՝ ըստ կորստի դեպքերին և վշտին արձագանքելու հակազդմանը։ Կձևավորվեն խմբեր, որի մասնակիցները կկազմակերպեն քննարկումներ՝ պատերազմի ազդեցությունն անձնային առանձնահատկությունների վրա, ներառյալ ընտանիքը, նաև դերախաղ՝ հիմնված ուսումնասիրած հմտությունների և գիտելիքների վրա։

«Լոգոս» հոգեբանական կենտրոնի նախագահ Սյուզի Թումասյանն իր խոսքում, անդրադառնալով դասընթացներին՝ նշել է, որ 44 օրյա պատերազմի ընթացքում աշխատել է Երևան տեղափոխված վիրավոր զինվորների հետ, ինչն անկասկած դժվար էր։

«Շնորհակալ եմ Էստոնիայի Հայկական Միության ներկայացուցիչներին, համայնքի նախագահ Ռազմիկ Իվանյանին, այս դասընթացները կազմակերպելու համար, ինչը համոզված եմ, որ անհրաժեշտ էր հատկապես հիմա, հետպատերազմական շրջանում։ Այսօր ունենք բավականին վիրավորներ, որոնց հետ լուրջ հոգեբանական աշխատանք է անհրաժեշտ՝ սթրեսային իրավիժակից դուրս բերելու համար, ինչպես նաև օգնություն ցուցաբերել զոհված մեր զինծառայողների ընտանիքներին, առավել ևս, այս պահին նաև գերիների, անհետ կորածների ընտանիքներին։ Ուսուցումը հիմնականում էքսպերեմենտալ է և կենտրոնանալու է անհատական և խմբակային աշխատանքի վրա։ Միանշանակ համոզված եմ, որ պարոն Բիհոնսկու և Մ․ Լեյնի վեցօրյա վերապատրաստման դասընթացները միանշանակ նոր գիտելիքներ կփոխանցեն մեր մասնագետներին, կծանոթանանք հատկապես պատերազմական իրադրություններում խորհրդատվության և թերապիայի առանձնահատկություններին, հետտրավմատիկ սթրեսային խանգարումների հետ աշխատելու վերջին նորագույն մեթոդներին, ինչի համար շնորհակալ եմ մեր հյուրերից»,– ասել է նա։