Պատերազմի և հետպատերազմյան շրջանում իշխանությունը օգտագործել է «ստի» հոգեբանություն, և ստի մթնոլորտում ապրելով՝ մարդիկ այլևս չեն կարողանում իրավիճակի վերաբերյալ վերլուծություն կատարել. հոգեբան
Նիկոլ Փաշինյանը օգտագործում է աչքակապության մեթոդը, որպեսզի իրականացնի այն ծրագրերը, որոնք դեռևս չեն իրականացվել: Այս մասին կայացած ասուլիսի ընթացքում նշել է հոգեբան Իրինա Ծատուրյանը:
Ըստ Ծատուրյանի՝ հասարակությունը հիասթափված է և 2018 թվականի հեղափոխությունից հետո պատրաստ չէ փողոց դուրս գալ. «2018 թվականին մարդիկ դուրս եկան ցույցի, ժողովուրդը հոգնել էր և չէր կարողանում այնպես ապրել, նրանք հավատացին այդ հեքիաթին՝ ամեն ինչ լավ է լինելու, բոլորը լավ են ապրելու: Մենք ունեցել ենք դառը պատմություն, մենք պետք է զգույշ լինեինք, զգոն լինեինք, որովհետև մեզ շատ են խաբել: Հիմա մեզ մոտ պատմական ամնեզիա է, մենք էլ չենք ուզում վատը հիշել»:
Հոգեբանի կարծիքով՝ պատերազմի և հետպատերազմյան շրջանում իշխանությունը օգտագործել է «ստի» հոգեբանություն:
«Ստի հոգեբանությունը հոգեբանության ճյուղերից մեկն է: Այսօրվա ստի կարգախոսը կարող է լինել #հաղթելուենք հեշթեգը, երբ ազգը պահվում էր այն իրավիճակում, որ սուտ կարգախոսը մտնում էր մեր մեջ, անձինք գնում էին ռազմաճակատ, դրսից ահռելի գումարներ էր ուղարկվում, բոլոր տիրույթներում ահռելի մասնակցություն կար, մեզ տալիս էին բացարձակ սուտ տվյալներ, և մենք մինչ օրս չգիտենք՝ քանի զինվոր է զոհվել, ասեցին հաղթում ենք, երբ Շուշին գրավված էր: Շատերը ասում են՝ բա պետք է այսպես լիներ, արդյո՞ք մենք եղել ենք այդքան սուտասան ազգ, որ այս սուտը դարձել է նորմա»,- ասաց բանախոսը:
Ըստ բանախոսի՝ հայերը դժվար են գնում փոփոխությունների, քանի որ փոփոխությունը հին ազգերի համար վտանգի նշան է եղել: «Մենք փոփոխության դժվար ենք գնում, հին ազգերի մոտ փոփոխությունը վտանգի հետ է կապված, սա պարզապես ազգային գիծ է: Մտածում են՝ այսքան քանդվել է երկիրը, 2 տարվա մեջ ինչպես վերականգնեն: Մարդիկ հիմա վախենում են գնալ փոփոխության, որովհետև մտածում են՝ կարող է էլի վատ լինել, այսինքն՝ նրանք հեղափոխությունից հետո այլևս չեն ուզում ոտքի կանգնել և պայքարել: Շատերը նաև հետպատերազմյան թոշակներ են ստանում, մտածում են՝ իշխանությունը կգնա և գուցե զրկվեն այդ նպաստներից»,- ասաց Իրինա Ծատուրյանը:
Ծատուրյանը մեկնաբանում է, որ մարդիկ ստի մթնոլորտում ապրելով՝ այլևս չեն կարողանում իրավիճակի վերաբերյալ վերլուծություն կատարել:
«Ես ամեն օր աշխատում եմ որդեկորույս մայրերի հետ, հաշմանդամություն ստացած զինվորների հետ, մարդկանց, ում մինուճար տղան բանակից չի վերադարձել, այս անձինք գտնվում են բարդ իրավիճակում, ելք չեն տեսնում, դրա հետ մեկտեղ ամեն օր լսում են սուտը և ստի մեջ ապրելով՝ մենք վիրտուալ դաշտ ենք ստեղծում ՝ իրականությունից կտրված, հետևանքներն ու ռիսկերը չտեսնելով, իսկ մենք չենք կարող անալիզ անել ստի մթնոլորտում, անալիզ կարող ենք անել, երբ ճիշտ ինֆորմացիա ենք ստանում»,- ասաց հոգեբանը:










