Բուհում ռեկտորի պաշտոնը չէ ամենաբարձրը, այլ ամբիոնի վարիչինը. Վահրամ Դումանյան (տեսանյութ)
1995-1997 թվականներին գործել է այս դրույթը, երբ գիտական խորհուրդը ներկայացրել է դեկանի 3 թեկնածու և ռեկտորը նշանակել է նրանցից մեկին, սա կայացած փաստ է և մենք դժգոհ չենք եղել: Այս մասին ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Գրիգորյանի այն դիտարկմանը, որ ԲՈՒՀ-ի ռեկտորի, դեկանի նշանակումը պետք է թողնել ԲՈՒՀ-ի հայեցողությանը՝ ընտրի, թե նշանակի:
«Իմ կարծիքով՝ ցանկացած ԲՈՒՀ-ում ռեկտորը չէ ամենաբարձր պաշտոնը, այլ՝ ամբիոնի վարիչը, պրոֆեսորը: Ինչպես նաև դպրոցում ամենաբարձր պաշտոնը տնօրենը չէ, ուսուցիչն է, լավ ուսուցիչը»,-ասաց նախարարը:
Արձագանքելով նախարարին՝ պատգամավորն ասաց, որ անհասկանալի է, թե ինչ է նշանակում՝ հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի 3 թեկնածու է ներկայացնում և նախարարն էլ նշանակում է:
«Եթե դա խորհուրդ է, ուրեմն ընտրություն պիտի կատարի խորհուրդը: Հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի ընտրությունը ընտրական կարգով է անցկացնում, այսինքն հավասար ձայների դեպքում 3-ին էլ պիտի ներկայացնի՞: Ինձ անհասկանալի է մեխանիզմը: Այսինքն, մենք նույն հանրակրթական դպրոցների մեխանի՞զմն ենք ներդնելու մեր ԲՈՒՀ-ական համակարգում, որ անհավասար ձայների դեպքում իրավունքը տալիս ենք փոխվարչապետին կամ նախարարին»,- ասաց Վարդան Գրիգորյանը:
Նախարարը ասաց՝ ժամանակը սուղ է, հետո առավել մանրամասն կպատասխանի:
«Որևէ կոնֆլիկտ չկա, նույնը չէ, ինչը որ հանրակրթական դպրոցների մասով: Խոսքը չի գնում հավասար ձայների մասին: Խորհուրդն իր աշխատակարգով կորոշի առաջադրման մեխանիզմները, շեմ կսահմանի, և շեմը պետք է անցնել: Հանրակրթական դպրոցների տնօրենների կարգն այժմ մենք փոփոխում ենք, քանի որ խնդրահարույց իրավիճակներ են առաջանում»,- ասաց նախարարը
Մանրամասները՝ տեսանյութում










