Վաճառքի հանված Գորիսի «Ուսուցչի տունը» քաղաքի առաջին շենքերից է․ արդյո՞ք մշակույթի, պատմության հաշվին արժե միջոցներ ներգրավել․ պատկերացրեք՝ Թումանյանի տունը վաճառքի հանեն, ինչպես կարելի է․ ԳՊՀ դասախոս
Գորիսի «Ուսուցչի տունը», որը Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից վաճառքի է հանվել, քաղաքի առաջին շենքերից մեկն է։ Պատկերացրեք՝ հին Երևանի կամ Գյումրիի ճարտարապետական ձևը ներկայացնող շինությունները քանդեն, այդպես ո՞նց կլինի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի պետական համալսարանի դասախոս, բանասեր Մհեր Քումունցը։
Հիշեցնենք, որ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը գրառում էր կատարել՝ հայտնելով, որ շենքը վաճառքի էր հանվել, և նշել էր, որ շինությունը մազապուրծ է եղել և բացառիկ է իր նշանակությամբ։
«Այն հին է՝ 1870-ականներին կառուցված։ Շենքը նշանավոր է այնքանով, որ այդտեղ ապրել է Մեսրոպ արքեպիսկոպոսը․ ցավոք, մեր իրականությունն այնքան միտված չէ կրթությանը, որ իմանան՝ ով է Մեսրոպ արքեպիսկոպոսը։ Նա Թումանյանի մտերիմներից է եղել, հոգևորական է եղել, բայց հասարակական խոշոր դեմք է եղել։ Այդ շենքում նշանավոր մարդ է ապրել, և հենց այդ առումով այն մասամբ դարձել է տուն-թանգարանի նման։ Այն եղել է Սյունաց թեմի առաջնորդարան, դարձել է Ուսուցչի տուն, ընթացքում տարբեր հասարակական կազմակերպություններ են այդտեղ եղել։ Շենքը հազիվհազ հասել է մեր օրերը, տարիների ընթացքում շատերի աչքն է այդ շենքի վրա եղել, վաղուց են ուզել վաճառել»,-ասաց Քումունցը։
Նրա խոսքով՝ այս շինությունը վաճառելը նույնն է, թե վաճառքի հանվեն հասարակական կյանքում մեծ դերակատարում ունեցած մտավորականների տները։
«Այս շենքի վրա ցուցանակ է կախված՝ «Այստեղ է ապրել Մեսրոպ արքեպիսկոպոսը»։ Պատկերացրեք՝ Թումանյանի, Բակունցի, Խանզադյանի տները հանվեն վաճառքի։ Դա Մեսրոպ արքեպիսկոպոսի տոհմական տունն է, նա այդտեղ ապրել, ստեղծագործել է, այդտեղ որոշվել է Գորիսի թատրոնի հիմնադրումը, այն եղել է հասարակական կարևոր կենտրոն»,-ասաց նա՝ նշելով նաև, թե շենքը գրանցված է որպես նյութական արժեք ներկայացնող հուշարձան, որը ենթակա չէ վաճառքի։
«Հասկանում ենք՝ պետությանն այժմ շատ միջոցներ են պետք, բայց արդյո՞ք հոգևոր արժեքների, կրթության, մշակույթի հաշվին։ Գորիսն ուզում են դարձնել տուրիստական կենտրոն։ Ինչպես են պատկերացնում տուրիստական կենտրոնից պատմական հուշարձանը, պատմությունը հանելը»,-ասաց նա։
Ըստ Քումունցի՝ շենքը կարող է ծառայել որպես Գորիսի երկրագիտական թանգարան։ «Այժմ նմուշները թատրոնի շենքի ճեմասրահներից մեկի անկյունում են, պայմանները նպաստավոր չեն, վայրը խոնավ է ու մութ։ Ներկայացուցչական առումով ևս հարմար չէ, նմուշների մի մասը գետնին է, մի մասը դիտել էլ հնարավոր չէ։ Մի ընթացք անգամ պահեստներում են պահվել նմուշները։ Չէի ասի, որ Ուսուցչի տունը կատարյալ վայր է թանգարանի համար, բայց չեղած վայրերից լավագույնն է, որ կարող է պահպանել այդ իրերը»,-ասաց նա։
Հարցին՝ իրենց այս դժգոհությունները ներկայացրե՞լ են պետական կառույցներին, Քումունցն արձագանքեց, թե պետական կառույցներից ակնկալինքներ չունեն։ «Մենք Շուռնուխ կորցրինք, այդքան հորդորեցինք, դիմեցինք Նիկոլ Փաշինյանին, որ Շուռնուխը չօտարեն, դրա ամեն մի մետր հողը ՀՀ անվտանգությունն է, պետականույթյան երաշխիքն է, ինչ արեցին, որ հիմա անեն։ Ակնկալիքներ պետական ապարատից բացարձակ չկան։ Հուսով ենք, որ օրենքով թույլ չի տրվի, որ վաճառք լինի»,-ասաց Մհեր Քումունցը։











