«ՄՈԲ ռեսուրսների 3-4 տոկոսը չի վճարվել, մինչև մարտի 1-ը հաշվառման խնդիրները կլուծենք և կվճարենք»․ Վաղարշակ Հարությունյան
ՄՈԲ ռեսուրսների 3-4 տոկոսը չի վճարվել։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի դիտարկմանը, թե վճարումների ուշացումներ են եղել, թղթաբանական խնդիրներ են առաջացել։
«Չեն ստացել նրանք, ովքեր չեն ներկայացրել անձնական տվյալները, և նրանք, ովքեր դուրս են եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ և զորամաս չեն հասել։ Հաշվառման խնդիր է առաջանում։ Գործընթացն ընթանում է, համարում ենք, որ մինչև մարտի 1-ը հաշվառման խնդիրները կլուծենք և կվճարենք»,-ասաց նախարարը։
Հաջորդ պրոբլեմատիկ հարցը, նախարարի խոսքով, այն անձանց է վերաբերում, որոնք կամավոր գնացել են, զորամասում չեն գրանցվել։ «Որպեսզի վճարումներն իրականացնենք, իսկ մենք դա անում ենք, պահանջում ենք, որ այն զորամասում, որտեղ իրենք մասնակցել են, ներկայացնեն տվյալներ։ Հենց դա ստանում ենք, վճարում ենք»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի վճարումներին, Հարությունյանն ասաց, թե հիմնադրամից վճարվում են տարբեր կատեգորիաների ներկայացուցիչներ՝ անհետ կորածների ընտանիքներ, վիրավորներ։
«Կառավարության որոշմամբ՝ յուրաքանչյուր վիրավորի կտրամադրվի 500 000 դրամ, հաշմանդամությունը հաստատվելու դեպքում էլ նրանք գումարներ են ստանում հիմնադրամից»,-նշեց Հարությունյանը։










