Պարարտանյութի, դիզվառելիքի տրամադրման փոխարեն մենք 3-15 մլն դրամանոց սուբսիդավորող վարկերի ծրագիր ունենք. Վահան Քերոբյան
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ պատերազմից հետո երկրի առջև մի շարք խնդիրներ են ծառացել, որոնցից մեկը պարենային անվտանգության խնդիրն է: Ըստ նրա՝ մենք ականատես եղանք, որ պատերազմի ժամանակ սահմանների փակման, անանցանելիության դեպքում ինչ խնդիրներ կարող են առաջանալ և այս խնդիրների պարագայում գարնանը գյուղացուն պետք է գալու պետության աջակցությունը՝ սուբսիդացման ծրագրերով. պարարտանյութ, դիզվառելիք:
Եղիազարյանը հիշեցրեց, որ նախկինում նման առաջարկներ, ծրագրեր բազմիցս եղել են, սակայն Կառավարությունն այս ծրագրերին բացասական է մոտեցել. «Ուզում եմ հասկանալ, թե ձեզ մոտ փոխվել է դիրքորոշումն այս առումով և եթե փոխվել, ապա ինչ դիրքորոշում ունեք այս պահին գյուղատնտեսությանն աջակցելու և պարենային անվտանգության ապահովման գործընթացները ֆինանսավորելու վերաբերյալ»:
Պատգամավորի հարցին պատասխանեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ այսօր էլ վարչապետի հետ հանդիպում են ունեցել գյուղատնտեսության ոլորտի հետ կապված հարցերով: «Պետք է շատ ակտիվորեն աջակցենք գյուղատնտեսությանը: Փոքր հղկումներով շարունակելու ենք այն գյուղատնտեսական ծրագրերը, որոնք անցած տարի աշխատել են, նաև ընդլայնելու ենք գործիքակազմը, որպեսզի խթանենք խոշոր գյուղատնտեսությանը»:
Եղիազարյանը արձագանքեց, որ կոնկրետ պատասխան է ակնկալում պարարտանյութի և դիզվառելիքի հետ կապված, քանի որ նրա պնդմամբ՝ հացահատիկի և նման մշակաբույսերի կարևորությունը մեծ է և դրանք աճեցնելու համար եկամտաբերության առումով ձեռնտու չեն գյուղացուն և Կառավարության ուղիղ աջակցությունն է պետք. «Ուղիղ պատասխան եմ ուզում Ձեզնից սուբսիդավորման հետ կապված»:
Քերոբյանը պատասխանեց Եղիազարյանին՝ նշելով, որ պարարտանյութի, դիզվառելիքի տրամադրման փոխարեն ունենք 3-15 մլն դրամանոց սուբսիդավորող վարկերի ծրագիր. «Դրա շրջանակներում գյուղացին իր դիզվառելիքը, պարարտանյութը շատ հանգիստ կարող է ձեռք բերել: Այդ գործիքը հաջողությամբ աշխատել է անցած տարի»:










