Սկզբում, որ իմացա դպրոցի խնդրի մասին, ուզում էի մրցույթն անվավեր ճանաչել, ասացին՝ հնարավոր չէ, բայց այդ բողոքներն էլ հիմնավոր չեն. ԿԳՄՍ նախարարը՝ Աբովյանի N1 ավագ դպրոցի խնդրի մասին (տեսանյութ)
Ինձ տեղեկացրին, որ ժողովուրդ է հավաքվել՝ դպրոցականներ, ուսուցիչներ, լրագրողներ նախարարության մոտ, տեղակացրին, որ բողոքում են, զարմացա՝ ինչի՞ց են բողոքում, ընթերցեցի մամուլը, աշակերտներ էլ կային, ասում էին՝ եկել ենք, պայքարում ենք անարդարության դեմ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան համար մեկ ավագ դպրոցում կատարվողի մասին:
Նշենք, որ տևական ժամանակ է՝ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները պահանջում են, որ տնօրենի պաշտոնում վերականգնվի Մետաքսյա Բաբայանը, նրանք պնդում են, որ նոր տնօրեն Քարմիլե Առաքելյանը Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է:
Նախարարը նշեց՝ նրանք պնդում են, որ տնօրեն պետք է նշանակվի մյուսը: «Երբ ես ծանոթացա խնդրին, իմացա, որ երկուսն էլ ստացել են 4-ական ձայն, առաջին ցանկությունը, որ առաջացավ, այս մրցույթը պետք է ճանաչել չկայացած, բայց ինձ ասացին, որ գործող կարգը դա թույլ չի տալիս և պետք է երկուսից մեկին հրամանագրել»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ Աբովյանի դպրոցի դեպքում նոր տնօրենը կապվում է Ռոմանոս Պետրոսյանի կնոջ հետ, ասում են՝ ընկերուհին է, նախարարն ասաց, որ ինքը տեղյակ չէ՝ ով ում հետ ու ինչ է կապվում, նման տեղեկություն չունի ու հետաքրքրիր էլ չէ:
Հարցին՝ այսինքն՝ նրան հետաքրքիր չէ՞, որ Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է, Գյումրու 25 դպրոցում ասում են՝ Տիգրան Ավինյանն իր ցանկությամբ է տնօրեն նշանակել, նա է ոլորտի ղեկավարը, ինչպե՞ս կարող է չհետաքրքրել, Դումանյանն ասաց. «Դուք իմ փոխարեն մի որոշեք ինձ հետաքրքրեց, թե չհետաքրքրեց: Դուք ինձ տանում եք անձնական հարաբերությունների դաշտ, իսկ անձնական հարաբերությունների դաշտն ինձ հետաքրքրիր չէ»:
Դիտարկմանն էլ՝ վերջին ժամանակներս նման դեպքերը շատացել են, հովանավորչություն կա՞, թե ոչ, նա պատասխանեց՝ ոչ, չկա հովանավորչություն, չկան կոռուպցիոն այդ սխեմանները:
Ճշտող հարցին էլ՝ այդ դեպքում աղմուկն ինչի՞ համար է, եթե չկա, Դումանյանն ասաց. «Չեմ կարող աղմկողների մասին խոսել, հավանաբար իրենց «աղմկացնում» են ինչ-որ մարդիկ, չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել»:
Հարցին էլ՝ չի՞ ուսումնասիրել՝ դժգոհությունները հիմնավոր են, թե ոչ, նախարարը պատասխանեց. «Իհարկե, հիմնավոր չեն, որովհետև ամեն ինչ արվել է օրենքի համաձայն, իսկ եթե որոշ մարդիկ համարում են, որ եղել է անօրինականություն, անօրինականության վերականգման ձևն իրավական ճանապարհն է, խնդրեմ, թող դիմեն, իրավական լուծումներ ստանան, միայն կողջունենք նման որոշումը, բայց գալ ու նման ձևերով փորձել ճնշում գործադրել նախարարի կամ նախարարության, աշակերտության վրա, չի կարելի»:
Մանրամասները՝ տեսանյութում:










