Լեհաստանի խոշորագույն ԶԼՄ-ներն ի նշան բողոքի դադարեցրել են աշխատանքը
Լեհական մի քանի խոշոր համացանցային լրատվամիջոցներ և հեռուստաալիքներ դադարեցրել են աշխատանքը: Լրատվամիջոցները բողոքում են գովազդային նոր հարկի դեմ: Ակցիան կտևի մինչև օրվա վերջ: Այս մասին գրում է korrespondent.net կայքը:
Բողոքի ակցիային, մասնավորապես, մասնակցում են Gazeta.pl, Onet.pl, TVN-24, RMF FM, Rzeczpospolita, Wirtualna Polska լրատվամիջոցները: Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիային աջակցություն է հայտնել 43 լրատվամիջոց:
Հեռուստադիտողները, միացնելով, օրինակ, TVN-24 հեռուստաալիքը, կարող են տեսնել միայն սև էկրան, որի վրա գրված է ՝ «այստեղ պետք է լիներ ձեր սիրելի հաղորդումը»: Իսկ կայքերում օրվա ընթացքում ոչ մի հոդված հնարավոր չի լինի կարդալ:
Լեհաստանի իշխանությունները նոր հարկ են սահմանել՝ եկամտի մի մասն ուղղելու համար կորոնավիրուսի համավարակի հետևանքների վերացմանը: Միջոցները կուղղվեն նաև Հուշարձանների պաշտպանության ազգային հիմնադրամին և Մշակույթի աջակցության և լրատվական տարածքում ազգային ժառանգության աջակցման հիմնադրամին:
Լրատվամիջոցները կարծում են, որ գովազդային նոր հարկը կհանգեցնի բազմաթիվ, առաջին հերթին ՝ ընդդիմադիր հրատարակությունների ու հեռուստաընկերությունների լուծարման: Նրանք կարծում են, որ չպետք է իրենց վրա վերցնեն համաճարակի դեմ պայքարի ֆինանսական բեռը:
Ըստ նախագծի, ներդրվելու է առցանց գովազդի և սովորական գովազդի վճար:
«Մեր գովազդատուներն ու մեր ընթերցողները տառապում են գրեթե մեկ տարի տևող սահմանափակումների պատճառով: Թերթերի տպաքանակներն ու գովազդի գները նվազում են: Այժմ պետությունն ուզում է մեզ վրա լրացուցիչ բազմամիլիոնանոց բեռ գցել ... նոր հարկը կհարվածի լեհ հեռուստադիտողին, ունկնդրին, ընթերցողին և համացանցային օգտատիրոջը» - գրել են բողոքողները բաց նամակում:










