Գերեվարված զինծառայողների հարազատները բացել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը՝ ԱԱԾ տնօրենի հետ հանդիպելու պայմանով

19:48 • 10.02.21

Լուսանկարը՝ Armtimes.com-ի


20։05


Գյումրի-Երևան ճանապարհն արդեն բաց է. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը:

Նշենք, որ այսօր գերեվարվածներ զինծառայողների ծնողներն ու հարազատները փակել էին Գյումրի Երևան և Գյումրի Վանաձոր ավտոճանապարհները:

Արաքսյա Կիրակոսյանի փոխանցմամբ՝ մարզպետ Հովհաննես Հարությունյանը և Շիրակի ոստիկանապետ Արամ Ղազարյանը հանդիպել է զինծառայողների հարազատների հետ և ձեռք է բերվել, պայմանավորվածություն, որ վաղը հարազատները կհանդիպեն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի հետ:

19։48

Հրադադարից հետո գերեվարված զինծառայողների հարազատները փակել են Գյումրի-Երևան, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհները, տեղեկացնում է «Փաստինֆո»–ն :

Շիրակի մարզի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այս պահին Գյումրի-Երևան ճանապարհահատվածում է, որտեղ հավաքվածների՝ գերության մեջ հայտնված զինվորների հարազատների հետ բանակցություններ է վարում։ Մարզպետը նրանց փորձում է համոզել ճանապարհը բացել և վերականգնել երթևեկությունը։

Գերեվարվածների հարազատներն իշխանություններից պահանջում են հրատապ քայլեր ձեռնարկել` գերիներին ազատ արձակելու ուղղությամբ: