Սիրիական և ռուսական ուժերը «Տոչկա Ու»-երով և «Իսկանդեր»-ներով հարվածել են թուրքամետ զինյալների վերահսկողության տակ գտնվող նավթային գործարանին (տեսանյութ)
2021 թվականի փետրվարի 9-ի երեկոյան սիրիական արաբական բանակը թուրքամետ գրոհայինների դեմ օգտագործել է ՕՏՌԿ 9Կ79-1 «Տոչկա Ու» հրթիռներ: Թիրախավորվել են Իդլիբ նահանգի հարավային մասում և Համա նահանգի հյուսիսում գտնվող դիրքերը, ինչպես նաև Հալեպ նահանգի Թարհին քաղաքի մերձակայքում գտնվող նավթավերամշակման գործարանը, գրում է Репортер-ը:
Միևնույն ժամանակ, տարբեր աղբյուրներից տեղեկատվություն է ստացվել, որ «Հմեյմիմ» ռուսական ավիաբազայից նշված արձակումներից մեկն անհաջող է եղել:
Այնուհանդերձ, թուրքամետ զինյալների վերահսկողության տակ գտնվող վերամշակման գործարանը միանշանակ խոցվել է: Դրա մասին է վկայել տարածքում մոլեգնած մեծ հրդեհը: Նշվում է, որ օբյեկտի մոտակայքում «անհայտ անօդաչու թռչող սարք» է նկատվել, որը նման է եղել «Օրիոն» տեսակի անօդաչուի: Բացի այդ, հաղորդվում է մեկ զոհվածի և մի քանի վիրավորի մասին:
eadaily.com կայքի փոխանցմամբ, Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի տվյալներով` նավթավերամշակման գործարանին հասցված հարվածներին մասնակցել են նաև ռուսական ուժերը` կիրառելով «Իսկանդեր» համակարգեր:
Նշենք, որ Հալեպ նահանգի հյուսիսում նավթի վերամշակման օբյեկտներն առաջին անգամ չեն հարվածի տակ հայտնվում: Այս տարածքը գտնվում է Անկարայի վերահսկողության տակ՝ Թուրքիայի զինված ուժերի «Եփրատի վահան» գործողությունից հետո (2016-ի օգոստոս - 2017-ի մարտ):
#Syria: unusual scene filmed tonight over Jablah. This is the failed launch of a long range missile fired from #Kheimimim Airbase to strike oil facilities in N. #Aleppo countryside. pic.twitter.com/3f3iqsIjhH
— QalaatM (@QalaatM) February 9, 2021










