Նոյեմբերի 9-ից չունեցանք գիտակցված մոտեցում, և իշխանությունը խաղաղ կերպով չհեռացավ. Թևան Պողոսյան (տեսանյութ)
Մենք նոյեմբերի 9-ից չունեցանք գիտակցված մոտեցում՝ իշխանության խաղաղ հեռանալու, նոր պատուհան բացելու, նոր մոտեցումներ ձևավորելու և առաջ գնալու։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը՝ խոսելով երկրում տիրող իրավիճակի և հետագա զարգացումների մասին, նա նշեց՝ ճգնաժամը կավարտվի, երբ պարտված իշխանությունը հեռանա:
«Այսօր տեսնում ենք հետևանքները, երբ ամեն օր նորություններ ենք իմանում և չենք հասկանում՝ ինչպես օրակարգերը ձևավորենք»,- ասաց Թևան Պողոսյանը:
Ըստ նրա՝ ճգնաժամային իրավիճակում ուշադրություն են դարձվում երկրորդական հարցերին, իսկ առաջնային հարցերն անուշադրության են մատնված:
«Նախկինում չունեինք տեղեկատվական դիմադրողականության ունակություններ, չընկնել տաբեր մանիպուլյացիաների հետևից և առաջնայինը մոռանալով՝ երկրորդականին ուշադրություն դարձնել, հիմա էլ երկրորդական հարցերն ավելի շատ են օրինակ դարձնում: Գալիս են այն մոտեցումները, որ անվտանգության պատասխանատուն այլևս մենք չենք, այլ ուրիշներն են, կամավորները չեն կարող գնալ Արցախ ծառայելու, կամ Արցախի ՊԲ-ն կազմալուծվում է և այլն:
Պետք է հասկանալ, թե ինչ կարևոր է լինելու փորձել կանգ առնել և ազգային օրակարգը ձևավորել, հասկանալ, թե ինչ պատասխանատվություն է կրում ամեն քաղաքական ուժ, առնվազն գործադիր իշխանությունը պետք է գիտակցի, որ իր քաղաքական պատասխանատվությունն է խաղաղ հեռանալը»,- ասաց բանախոսը:
Թևան Պողոսյանը կարծում է, որ հետագայում պետք է ձևավորել նոր թիմեր, լուծել ճգնաժամային իրավիճակը և հետագայում ընտրություններ կազմակերպել:
«Տնտեսական ճգնաժամերի ընթացքում, երբ գալիս են մոտեցումները, և չկա ոգեշնչում և ապագան տեսնելու ցանկություն, մենք չենք կարող տեսնել նոր մոդելներ, և լավագույնը կլինի այն, որ գործողը գնա, ունենանք հակաճգնաժամային կառավարման ժամանակահատված, որը թույլ կտա, զուգահեռ դրան, քաղաքական դաշտում ձևավորել նոր թիմեր, նոր մոտեցումներ, քաղվեն դասեր, որ պարագայում կախված չլինենք մեկ անձի կամ հին քաղաքական մշակույթի խնդիրներից, ճգնաժամերի փուլերը հաղթահարելուց հետո կազմակերպել նոր ընտրություններ, որտեղ ժողովուրդը սթափ կմասնակցի ընտրությունների»,- ասաց Թևան Պողոսյանը:
Նա նշեց, որ ցանկացած ՀՀ քաղաքացի կարող է ձևավորել քաղաքական թիմ և ներկայանալ և առաջադրվել, այդ թվում նաև՝ Ռոբերտ Քոչարյանը:
«Ցանկացած հայ, ով չունի դատարանով ապացուցած մեղք, կարող է օգտվել բոլոր հնարավորություններից, և եթե որոշել է քաղաքական կյանքում մասնակցել, ձևավորի իր թիմը, առաջադրվել ընտրություններին, և ժողովուրդը գնահատի, իսկ մենք գնահատում ենք այս մարդը կարող է մասնակցել քաղաքական դաշտում, թե ոչ: Եթե Ռոբերտ Քոչարյանը անմեղության կանխավարկածով չի ունենալու դատարանում դատավճիռ ինքը Հայաստանի Հանրապետության հերթական քաղաքացին է լինելու, որը պետք է օգտվի իր իրավունքներից, ձևավորել քաղաքական թիմ, ներկայացնել քաղաքական հայտ, երբ կներկայացնի թիմը և ծրագիրը, ըստ դրա՝ կարծիք կհայտնենք»,- ասաց Թևան Պողոսյանը:
Թևան Պողոսյանի կարծիքով՝ այժմ հայերն ունեն լուրջ բարոյահոգեբանական խնդիրներ:
«Եթե որևէ մեկն ասում է՝ իմ երեխան պիտի Արցախում չծառայի, մյուս անգամ բոլոր սահմանային գոտիներին է ասելու՝ Սյունիք, Տավուշ և այլն, թշնամին էլ հասնելու է իր նպատակին, նրանք անիմաստ չեն ասել, որ Սյունիքն էլ է մերը, Սևանն էլ, մի օր էլ Երևանը։ Պիտի Արցախի նկատմամբ մենք չկորցնենք մեր զգացմունքները»,- ասաց բանախոսը:
Թևան Պողոսյանը նշեց, որ քաղաքական ուժն իր խոստումները չկատարելու պարագայում պետք է պատասխանատվության ենթարկվի:










