Ձեզ չհաջողվեց ԵՊՀ ռեկտոր դառնալ, «վշտից» նախարար դարձաք և հիմա ուզում եք ունենալ գրպանային ռեկտորներ. Թագուհի Թովմասյանը՝ Վահրամ Դումանյանին

15:16 • 10.02.21

Նախկին ԿԳՄՍ նախարարն ասում էր՝ նախորդ իշխանությունները բուհ բերեցին մի կառավարման խորհրդի նախագահ, որը կարող էր համալսարանում օրակարգ թելադրել, ռեկտոր ու պռոռեկտոր նշանակել: Հիմա ի՞նչ է ստացվում, որ մի բդեշխին փոխարինում ենք մյուս բդեշխով և նախկին արատավոր պրակտիկան նորից կիրառում ե՞ք: Այս մասին այսօր ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ խոսելով բդեշխների մասին ԿԳՄՍ նախկին նախարարի հայտարարության և նույն գործելաոճը նոր նախարար Վահրամ Դումանյանի մոտ լինելու մասին:

«Կարծում եմ՝ հետհեղափոխական Հայաստանում այս սկզբունքները պետք է իսպառ բացառվեն, և այն, որ այս ընթացքում չի հաջողվել ԵՊՀ ռեկտոր նշանակել որևէ մեկին, այդ թվում՝ Ձեզ, պարոն նախարար, թեև կառավարությունը դրա ցանկությունը բազմիցս բուռն դրսևորեց, դուք «վշտից» նախարար դարձաք ու հիմա ուզում եք գրպանային ռեկտորներ ունենալ, ինչը անթույլատրելի է»,-ասաց  Թովմասյանը՝ նշելով, որ իրավիճակի լուծմանը պետք չէ հասնել համակարգի ոչնչացման գնով:

Խոսելով նախագծով սահմանվող անձնակազմի համար տարիքային սահմանափակումների մասին՝ պատգամավորը դիտարկեց, որ սա մարդկային ռեսուրսների կառավարման ինքնավարության կոպիտ խախտում է և Սահմանադրությամբ սահմանված խտրականության, այդ թվում՝ տարիքային հիմքով խտրականության արգելքի խախտում:

Թովմասյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի նախկինում հնչեցրած այն խոսքերը, թե բուհերը քաղաքականացված են, որն անթույլատրելի է, և դիմելով իշխանականներին, շեշտեց. «Խնդրում եմ ձեզ, այս ամբիոնից խոստացեք, որ բուհերը քաղաքականացնելու և գրպանային ռեկտորներ ունենալու ձեր մտադրությունից հրաժարվելու եք»:

Մանրամասները՝ տեսանյութում