«Փնտրվում է»․ Թուրքիայում Էրդողանի փեսային փնտրելու վերաբերյալ պաստառների պատճառով 3 ընդդիմադիր է ձերբակալվել

11:33 • 10.02.21

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր կուսակցության երեք անդամի` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա և ֆինանսների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքի նկատմամբ «հետախուզում հայտարարելու» համար, հաղորդում է T24 լրատվական կայքը` մանրամասնելով, որ որը, Էրդողանի փեսան պաշտոնը թողնելուց հետո վերջին շրջանում անհետացել է հանրության տեսադաշտից:

Ձերբակալությունները հաջորդել են գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ) կուսակցության 81 բաժանմունքներում «փնտրվում է» գրությամբ պաստառների տարածմանը։

Թուրքական Ahval-ը նշում է, որ Ֆինանսների նախարարի պաշտոնը լքելուց հետո Ալբայրաքն անհետացել է հանրության տեսադաշտից։ ԶԼՄ-ներում հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ վերջինս մեկնել է Լոնդոն, որպեսզի նոր կյանք սկսի, մյուսներն էլ պնդում են՝ գնացել է Միացյալ Նահանգներ։

Պաստառի մեջ հիշատակվել է նաև 2020 թվականին Ալբայրաքի ղեկավարության ներքո թուրքական Կենտրոնական բանկի 128 մլրդ դոլարի պահուստների վաճառքի պահանջը: