Հնդկաստանը և Չինաստանը վիճելի սահմանային հատվածում զորքերի դուրսբերման վերաբերյալ համաձայնության են եկել
Հնդկաստանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Լադախի (Հիմալայան լեռների արևմտյան կողմ) շրջանի վիճելի սահմանի վերաբերյալ ամիսներ տևած տարաձայնություններից հետո, Չինաստանի հետ զորքերի դուրսբերման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել, հայտնում է Al Jazeera -ն:
Ռաջնաթ Սինխը հինգշաբթի խորհրդարանում ասել է, որ համաձայնությունը ձեռք է բերվել ռազմական հրամանատարների և դիվանագետների մի քանի փուլով ընթացած բանակցությունների արդյունքում:
«Չինաստանի հետ մեր կայուն բանակցությունները հանգեցրին Պանգոնգ լճի հյուսիսային և հարավային ափերն ազատելու համաձայնության», - ասել է նա: Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկու երկրների առաջնագծի զորքերը չորեքշաբթի սկսել են հետ քաշվել լճի ափերից: Իրավիճակը սրվել էր անցյալ տարվա ապրիլին, երբ Հնդկաստանը հայտնել էր, որ չինական զորքերը ներխուժել են «Իրական հսկողության գծի» (LAC) իր կողմը: Ի պատասխան վերոնշյալ հայտարարությանը, Չինաստանը հայտնել էր, որ իր զորքերը գործում են իրենց իսկ տարածքում և մեղադրել հնդիկ սահմանապահներին սադրիչ գործողությունների համար:
Անցյալ տարվա հունիսի 20-ին, վերջին 45 տարիների ընթացքում առաջին անգամ, երկու երկրների միջև զինված բախման հետևանքով հնդիկ զինվորներ էին զոհվել: Հնդկաստանը և Չինաստանը 1962 թվականին պատերազմել են և այդ ժամանակվանից ի վեր չեն կարողացել համաձայնության գալ երկու երկրի միջև ձգվող սահմանի որոշ հատվածների շուրջ:










