Շնորհակալ եմ ադրբեջանցիներին, որ հոլովակ են գցել ու տեսել եմ գերեվարված տղայիս. գերեվարված զինծառայողի մայր (տեսանյութ)
Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց: Քաղաքացի Կիմայի որդին անհետ կորած է և ինքնությունը կարողացել են նույնականացնել ադրբեջանական օգտատերերի սոցցանցում տեղադրած հոլովակով:
«Իմ մինուճար տղային տարել են, ու ես մինչ օրս լուր չունեմ նրանից, շնորհակալ եմ ադրբեջանցիներին ՝գոնե հոլովակ են գցել, գերևարված տղայիս տեսել եմ: Մեկը դուռս չի ծեծել ու ասել՝ ինչ վիճակում է տղաս, գերի՞ է, զոհվե՞լ է, անհետ կորա՞ծ է:
Բոլոր պետական մարմիններին դիմել եմ: Պաշտպանության նախարարությանը տվել եմ տղայիս և իր 13 ընկերների լուսանկարները, բայց ոչինչ չեն անում, քանի որ իրենց տղաները չեն այդ օրին»,- ասաց քաղաքացին:
Քաղաքացու հավաստմամբ՝ մինչ օրս որևէ աջակցություն չի ստացել, իսկ տղայի աշխատավարձը պատերազմի առաջին իսկ օրից չեն տվել, տղայի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 20-ին:
«Իմ երեխան անհետ կորած է, մեկը դուռս չի ծեծում՝ հարցնի՝ օրորոցում պառկած երեխան ոնց է ապրում, պատերազմ տարած օրվանից աշխատավարձը կտրեցին, սա ի՞նչ պետություն է, ի՞նչ ղեկավար, մենք չունենք ղեկավար: Թոռնիկս է ինձ հանգստացնում՝ ասելով՝ տատիկ, մի լացիր, պապան գալու է: Սա կյանք չէ, ես տղա եմ կորցրել, մինուճար տղա, ում 28 տարի մեծացրել եմ և պահել: Վերջին անգամ երեխայիս հետ խոսել եմ հոկտեմբերի 20-ին, ասաց՝ 3 ժամ անհասանելի եմ լինելու, ես մինչ օրս տեղեկություն չունեմ՝ ինչ վիճակում է տղաս, անզենք տարել են սահման:
Քաղաքացին նշեց, որ տղաներին մարդատար ավտոբուսով տարել են հանձնված տարածք:
«Երեխեքին անպատրաստ վիճակով լցրել են ավտոբուս ու տարել հանձնել են թշնամուն, ասելով՝ վարորդի վրիպակ է եղել, ավտոբուսով տարել են և հանձնել գրավված տարածք: Իրենց «վրիպակի» պատճառով մեր երեխաներին մատաղ արեցին թշնամու առաջ»,- ասաց նա:










