ԱԺ-ն դեմ քվեարկեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին
Ազգային ժողովը չընդունեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Նախագիծը, որը ներկայացրել էր Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, պատգամավորների կողմից խիստ քննադատության ենթարկվեց: Պատգամավորները մտահոգիչ էին համարում այն, որ 16 տարեկանի շեմը իջեցվել է 14-ի, որով հնարավորություն են ստեղծում, որ 14 տարեկան երեխան գնա ինքնուրույն ՄԻԱՎ-ի թեստ հանձնի և հետո նույնիսկ կարող է գաղտնի պահել իր վարակված լինելը:
Նախագծին կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ՝ 46 պատգամավոր, ձեռնպահ 10:
Փոխնախարարը նշել էր, որ նախագիծը որևէ կապ չունի ՄԻԱՎ կենտրոնն ինֆեկցիոն հիվանդանոցների հետ միացման կամ չմիացման հետ: Փոխնախարարը նշեց, որ պատրաստ են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել և հատ առ հատ հոդվածներով անցնել և հասկանալ, որ դրույթն է պետք պահպանել:
«Մեր համար էլ կարևոր չէ, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ն էլ խնդիր չէ մեզ համար, այսօր Քովիդը խնդիր է, բայց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը խնդիր չէ, որովհետև մենք ունենք բուժում, թեստավորում, հիմնադրված ծառայություններ: Այո դիմակը պետք է անպայման կրել հակառակ դեպքում, եթե մարդուն վարակեք qովիդով, դա կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ, քան եթե ՄԻԱՎ-ով մարդու նկատմամբ ուզում եք սահմանափակումներ մտցնել, խտրական վերաբերմունքը պահել: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը խնդիր չի, քանի որ մենք ունենք բուժում»,-ասաց նա:










