Եթե աղքատը մեկին ասում է «անբարոյականի վաստակ»,  միջին ապրողը՝ «ավանակի զուգընկեր», ստացվում է, որ նյութական վիճակը հաշվի առնելով՝ սանկցիա պետք է կիրառվի՞. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

12:09 • 11.02.21

Ես ընդհանրապես չեմ ընդունում այս հարցում տարբերակումը, թե աղքատը պետք է քիչ տուգանվի: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով զրպարտության, վիրավորանքի համար փոխհատուցման չափի բարձրացման նախագծին:

«Եթե աղքատը մեկին ասում է «անբարոյականի վաստակ»,  միջինը ապրելակերպի տերը ասում է «ավանակի զուգընկեր», մի հատ էլ շատ հարուստ մարդ մեկին ասում է՝ հայրենիքի դավաճան ես դու, այսինքն՝ նշանակում է՝ կապ չունի, թե ինչ է վիրավորել, վիրավորողի նյութական վիճակը հաշվի առնելով՝ սանկցիա է կիրառվում: Սա ի՞նչ տրամաբանություն է, որ դուք օրենքի նախագիծ եք բերում, անհարմար չե՞ք զգում»,-ասաց նա:

Գևորգ Պետրոսյանն ասաց, որ ընդհանրապես կողմ է, որ վիրավորանքն էլ, զրպարտությունն էլ քրեականացվի: «Օրինակ՝ էն օրը մի երկոտանի նամակ է գրել՝ սաղ զոհերի մեղավորը դու ես, հիմա եթե սրան տանեմ դատի տամ, ամիսներով ընկնելու եմ դատարանների դռները: Այսինքն՝ երեք-չորս տարի պետք է դատարաններում ֆռա, որ Պետրոսյան Գևորգը արցախյան հերոսների մեղավորն է, և ես վերջում ինչի՞ հասնեմ, որ զրպարտողը հիսուն հազար դրամ տուգանվի՞»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և որևէ արգելք չունենք զրպարտությունը և վիրավորանքը քրեականացնելու, որ արդարացի պատժի արժանանա մեղավորը: