Ես չեմ կարող պատասխանել Լևոն Արոնյանին առնչվող հարցերին. ԿԳՄՍ նախարար

16:59 • 11.02.21

Շախմատիստ Լևոն Արոնյանի վերաբերյալ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ շախմատիստ Լևոն Արոնյանին չեն վարձատրում, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պատասխանեց:

«Ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին: Ես այդ մեծ հարցին հիմա չեմ կարող պատասխանել: Կլինի լուր և ամեն ինչ կիմանաք»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հրաժարվել է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո, ինչից հետո քաղաքացիները համացանցում սկսել էին քննադատել շախմատիստին: Լևոն Արոնյանի մայրը՝ Սեդա Արոնյանը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր արել և մեկնաբանել իրավիճակը:

«Որոշել էի չարձագանքել որդուս՝ Լևոն Արոնյանի դեմ համազգային անտեղի ու լկտի տվայտանքներին՝ որպես ազգադավ մարդու:

Եթե Լևոնը մեղադրվում է Հայաստանի գումարները «լափելու» մեջ, տեղեկացնեմ, որ որպես թիմի կապիտան, նա ստանում է ընդամենը 200 հազար դրամ, իսկ աստղաբաշխական գումարների մասին տեղեկատվության վերաբերյալ նշեմ, որ դրանք նրան չեն եղել հասցեագրված:

Դրանք փոխանցվել են Հայաստանի շախմատի ֆեդերացիային հատուկ սերվերից օգտվելու թույլտվության ձեռքբերման նպատակով, և այդ սերվերից օգտվել է ոչ միայն ինքը:

Ի դեպ, սերվերից օգտվելու թույլտվությունը դադարեցվել է 2020թ.-ից:

Իսկ այ Լևոնի նվիրաբերած գումարների և բարեգործության մասին, չգիտես ինչու, ոչ ոք չի գրում: Ես նույնպես զերծ կմնամ նրա կողմից բարեգործական նպատակներով պարբերաբար փոխանցված գումարների չափը հրապարակելուց»,– գրել էր նա: