Տանը քնած էի, զանգեցին ու հարցրին՝ կուզե՞ս վարչապետի օգնական լինել, ես էլ մանկուց երազում էի ու ասացի՝ այո․ Գագիկ Իսախանյան (տեսանյութ)

15:16 • 11.02.21

Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը, ով ներկա էր անհետ կորած զինծառայողների հարազատների՝ Կառավարության դիմաց անցկացվող բողոքի ակցիային, լրագրողների հարցին, թե ի՞նչ կարգավիճակով է մասնակցում ակցիային, նշեց՝ անհետ կորած զինծառայողների հարազատների կողքին է:

«Ես ծնողների կողքին եմ և կանգնած եմ նրանց կողքին ու մասնակցում եմ ակցիային, ոչ թե հանդիսանում Կառավարության կողմից տեղեկատվություն փոխանցող»,- ասաց նա։

Լրագրողների հարցին՝ կիսում է ակցիա իրականացնող անձանց կարծիքը, որ Կառավարությունը դանդաղում է իր գործողություններում, նա պատասխանեց, որ բոլոր ոլորտներում էլ թերություններ կան:

«Բոլոր ոլորտներում անխտիր թերություններ կան: Ես ծնողների կողքին եմ, մենք բոլորս պետք է այդ թերացումները գտնենք ու վերահսկենք: Ես պետական մակարդակի վրա լծակներ ունենամ, և այդ թերացումները վերացնենք»,- ասաց նա:

Գագիկ Իսախանյանի կարծիքով՝ գերիների վերադարձի հարցում խոչընդոտ են լրատվամիջոցները:

«Լրատվամիջոցները խանգարում են ծնողներին և բոլոր այլ հարցերում ևս խոչընդոտ են: Ես վարպետացած չեմ «միկրաֆոնների» առաջ խոսելուն, ես ստոմատոլոգ եմ, և մարդու աշխատանքն ու իր էությունը բացարձակ կապ չունեն: Լրատվամիջոցները խանգարում են՝ որոնողական աշխատանքներին, գերիներին վերադարձնելու աշխատանքներին»,- ասաց Գագիկ Իսախանյանը:

Նիկոլ Փաշինյանի օգնականը նաև պատասխանեց լրագրողների հարցին, թե ինչպես վարչապետի օգնական դարձել: «Տանը քնած էի, զանգեցին ու հարցրեցին՝ կուզե՞ս օգնական լինես, ես էլ մանկուց երազում էի ու ասացի՝ այո»,- ասաց նա։

Լրագրողների հարցին, թե կիսո՞ւմ է ակցիա իրականացնողների կարծիքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, Գագիկ Իսախանյանը պատասխանեց՝ ոչ բոլորինը:

«Շատ թերություններ եմ տեսել, բայց չեմ ուզում բարձրաձայնել, քանի դեռ այդ հարցը չի լուծվել: Ես մասնակցում եմ ակցիային, բայց ոչ բոլորի կարծիքն եմ կիսում: Նիկոլ Փաշինյանը՝ որպես անձ կարողանո՞ւմ է ինչ-որ բան փոխել, բայց չի անո՞ւմ»,- ասաց Գագիկ Իսախանյանը: