Instagram-ը Ռոբերտ Քենեդի կրտսերի օգտահաշիվը հեռացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին հակասական կարծիքի պատճառով

13:53 • 11.02.21

Instagram սոցիալական ցանցը չորեքշաբթի հեռացրել է ԱՄՆ նախկին գլխավոր դատախազի որդու` սենատոր և նախագահի նախկին թեկնածու Ռոբերտ Ֆ. Քենեդի Կրտսերի օգտահաշիվը, ինչը պայմանավորված է հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մասին հակասական կարծիքի արտահայտմամբ, գրում է CNN-ը:

«Մենք հեռացրել ենք  օգտահաշիվը կորոնավիրուսի կամ պատվաստանյութերի վերաբերյալ հերքված պնդումները բազմիցս կրկնելու համար»,- ասված է Instagram-ի սեփականատեր Facebook ընկերության խոսնակի հայտարարությունում:

Նշվում է՝ Քենեդին բազմիցս բարձրաձայնել է հակակորոնավիրուսային պատվաստանյութերի վերաբերյալ իր հակասական վերաբերմունքի մասին: Նա նույնիսկ լոբբինգ է իրականացրել Կոնգրեսում, որի նպատակն է եղել ծնողներին ազատել այն պետական պահանջներից, որոնցով պարտադրվում են պատվաստել երեխաներին:

Ինչ վերաբերում է Քենեդիի ֆեյսբուքյան էջին, որն ունի ավելի քան 300 000 հետևորդ, ապա այն շարունակում է ակտիվ մնալ: Այս առնչությամբ ընկերության խոսնակը շեշտել է «այս պահի դրությամբ քաղաքական գործչի հեռացնելու ծրագրեր չկան»: