Իրանը կատարել է ռեակտորի համար ուրանի արտադրման ծրագիրը. ՄԱԳԱՏԵ

00:22 • 11.02.21

Իրանը Թեհրանի հետազոտական ռեակտորի համար վառելիք ստեղծելու համար գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային աշխատանքների շրջանակում կատարել է մետաղական ուրանի արտադրության պլանը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տարածած հայտարարությանը:

Համաձայն հաղորդագրության՝ ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին գործակալության անդամ պետություններին ծանուցել է Իրանի գործողությունների մասին: «Գործակալությունը փետրվարի 8-ին Սպահանի վառելիքային թիթեղների արտադրությամբ զբաղվող գործարանում ստուգել է 3.6 գ մետաղական ուրան(խմբ.՝ օգտագործվում է ռեակտորների համար վառելիք արտադրելու և միջուկային ռումբ ստեղծելում համար):

2021-ի հունվարին Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Գարիբ Աբադին հայտնել էր, որ Թեհրանը սկսել է մետաղական ուրանի արտադրության ուղղությամբ հետազոտական աշխատանքներ: Դիվանագետը նշել էր, որ ՄԱԳԱՏԵ-ն ծանուցվել է վառելիքային թիթեղների բջիջների արտադրական գործարանի մասին և անցկացրել ստուգում: