Եթե մենք 30 տարի բանակ չունենայինք, ապա Արցախյան առաջին պատերազմը, երևի, Մարսից են եկել, հաղթել. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

17:40 • 11.02.21

Հրանտ Բագրատյանը շատ վտանգավոր հարցազրույցներ է տալիս՝ վտանգելով մեր երկրի անվտանգությունը: Բերեմ մեկ օրինակ՝ ասում է՝ Պաշտպանության բանակ գոյություն չի ունեցել, նման վտանգավոր արտահայտությունից հետո, որը դուրս է գալիս նախկին վարչապետի բերանից, չեք պատկերացնի, թե ինչ հետևանքներ կլինեն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Դիտարկմանը, թե իմքայլական պատգամավոր Անուշ Բեղլոյանն էլ պնդում է՝ 30 տարի Հայաստանը բանակ չի ունեցել, Քոչարյանը արձագանքեց՝ ձեր հարցերը Անուշ Բեղլոյանին տվեք: «Եթե մենք 30 տարի բանակ չունենայինք, ապա Արցախյան առաջին պատերազմը, երևի, Մարսից են եկել, հաղթել: Ես՝ ինքս էլ գնդապետի իմ առաջին կոչումը ստացել եմ բանակում, հունվարի 28-ին»:

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ հիմա Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի ճանապարհը փակել պետք չէ և պետք է թողնեն, որ աշխատի, սակայն հեղափոխության ժամանակ հենց ներկայիս իշխանականները փակում էին նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ճանապարհը, պատգամավորը պատասխանեց. «Ես ողջունե՞լ եմ, Վիգեն Սարգսյանի ճանապարհ փակելը, ոչ, ՊՆ նախարարի ճանապարհը փակել չի կարելի, չի կարելի: Հիմա ուրիշ հարց տվեք, տվեցիք հարց, ստացաք պատասխան»:

Անդրադառնալով այսօր զինվորների մեկի ազգականի այն հայտարարությանը, թե Փաշինյանը տղերքին զոհվելու է ուղարկել, որ իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին հետ բերի՝ պատգամավորը նշեց, որ համապատասխան կառույցները այդ հայտարարությունը կընդունեն և համապատասխան գործողություններ կիրականացնեն, այդ տեղեկության իրական լինելը պարզելու համար:

«Շատ մարդիկ այնպիսի բաներ են պնդում: Հայտնվել են մարդիկ, որ իբր գերիների տեղը գիտեն և փող էին աշխատում, ԱԱԾ-ն վերջերս բռնեց: Ցանկացած նման տեղեկություն ստուգման կարիք ունի, իսկ եթե դա զրպարտություն է, ապա դա վտանգում է մեր երկրի անվտանգությունը, քանի որ խոսքը գնում է մեր երկրի վարչապետի ընտանիքի մասին»,-ասաց նա:

Խոսելով այն արգելքի մասին, որ լրագրողները Սյունիք լուսաբանման  պետք է գնան միայն ԱԱԾ-ի թույլտվությամբ, Քոչարյանը նշեց, որ այդպես է որոշվել, որովհետև լուսաբանման մեջ կան խնդիրներ, որոնք չպետք է վնասեն գաղտնիությանը առնչվող որևէ դրվագի:

Մանրամասները՝ տեսանյութում։